ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի խոսքերը Պաղեստին պետությունը ճանաչելու Փարիզի պատրաստակամության մասին կշիռ չունեն։
«Այդ հայտարարությունը կշիռ չունի։ Նա լավ տղա է, ես նրան սիրում եմ։ Բայց այդ հայտարարությունը կշիռ չունի», - լրագրողներին ասել է Թրամփը, երբ նրան խնդրել են մեկնաբանել Մակրոնի խոսքերը։ Ամերիկացի առաջնորդը նրանց հետ զրուցել է Սպիտակ տան Հարավային մարգագետնում։
Հուլիսի 24-ին Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը պաշտոնապես սեպտեմբերին անցկացվելիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կճանաչի Պաղեստին պետությունը։
2024 թվականին, Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացմանը զուգընթաց, Իռլանդիայի, Իսպանիայի և Նորվեգիայի իշխանությունները հայտարարեցին Պաղեստինի պետության ճանաչման մասին։ Իսրայելն արձագանքեց՝ հայտարարելով Դուբլինից, Մադրիդից և Օսլոյից իր դեսպաններին խորհրդակցությունների համար հետ կանչելու մասին։ Միաժամանակ, Իռլանդիայի, Իսպանիայի և Նորվեգիայի դիվանագիտական առաքելությունների ղեկավարները կանչվել են հրեական պետության արտգործնախարարություն։





























