Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչը կտրուկ արտահայտվել է Գազայի հատվածում Իսրայելի ձեռնարկած գործողությունների հետևանքների դեմ։
«Գազայում տեղի ունեցողը որևէ արդարացում չունի։ Մարդկանց տառապանքները և մարդկային արժանապատվության նվաստացումը վաղուց անցել են բոլոր ընդունված սահմանաչափերից՝ թե՛ իրավական, թե՛ բարոյական առումով»,- նրա խոսքերն է մեջբերում կազմակերպության մամուլի ծառայությունը։ Սպոլյարիչը շեշտել է, որ Գազայի խաղաղ բնակչությունն անողոք կերպով սպանվում է մարտերի ընթացքում և սնունդ հայթայթելու փորձերի ժամանակ։ Նա միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ վերջ դնել այս ողբերգությանը։
«Ցանկացած քաղաքական տատանում, աշխարհի աչքերի առաջ տեղի ունեցող սարսափներն արդարացնելու ցանկացած փորձ ընդմիշտ կդատապարտվի որպես պատերազմի դեմ մարդկայնությունը պահպանելու հավաքական անընդունակություն»,- հավելել է ԿԽՄԿ-ի ղեկավարը։





























