Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին ազդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Ուկրաինային ռազմական օգնության մատակարարումները վերսկսելու որոշման վրա։ Դրա մասին գրել է բրիտանական The Daily Telegraph պարբերականը։

Նշվում է, որ հուլիսի 4-ին Սիկորսկին Կիևի թիրախներին Ռուսաստանի զինված ուժերի հարվածներից հետո զանգահարել է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգին, և Վաշինգտոնին հորդորել վերսկսել ՀՕՊ համակարգերի մատակարարումը։ Նշվում է, որ դրանից հետո Քելլոգը կապ է հաստատել Թրամփի հետ և համոզել նրան Կիևի իշխանություններին օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության մեջ։

Պարբերականի տվյալներով՝ Սպիտակ տան ղեկավարը հանձնարարել է Քելլոգին տեղեկացնել ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին ռազմական մատակարարումների վերսկսման մասին։ The Daily Telegraph-ի տվյալներով՝ Պենտագոնի ղեկավարը ավելի վաղ չէր տեղեկացրել Սպիտակ տանը կամ ԱՄՆ Կոնգրեսին Ուկրաինային օգնությունը դադարեցնելու իր որոշման մասին։ Ընդգծվում է, որ Քելլոգը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն որոշման մասին իմացել են լրատվամիջոցներից։

Ավելի ուշ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը որոշել է շարունակել զենքի և ռազմական տեխնիկայի փոխանցումը Ուկրաինային, եթե Եվրոպան վճարի նման մատակարարումների համար, ՆԱՏՕ-ն կհամակարգի այդ գործընթացը։