Ռուսաց լեզվի իմացությունը, այլ ոչ թե սպառնալիքների ու շանտաժի լեզուն կարող է թույլ տալ ՆԱՏՕ-ի գործիչներին վերջապես հասկանալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն խոսքերը, որ ՌԴ-ն չի պատրաստվում հարձակվել դաշինքի երկրների վրա։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի օգնական, Ծովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշևը։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն սպառնացել է դաշինքի եվրոպական անդամ երկրներին՝ հայտարարելով, որ եթե նրանք չբարձրացնեն ռազմական ծախսերը մինչև ՀՆԱ-ի 5%-ը, ապա պետք է սովորեն ռուսաց լեզու։

«Օտար լեզուներ սովորելը օգտակար բան է։ Թերևս ռուսերենի իմացությունը կօգնի նատօականներին վերջապես հասկանալ Ռուսաստանի նախագահի այն խոսքերը, որ մեր պետությունը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Չէ՞ որ դա իմաստ չունի, իսկ այդ բոլոր սարսափ պատմություններն ուղղված են միայն Եվրոպայի բնակչության ուշադրությունը, որպեսզի շեղեն նրանց ԵՄ երկրների տնտեսության ողբալի վիճակից։ Կարելի է խոսել ցանկացած լեզվով՝ բացի ուժի, սպառնալիքների և շանտաժի լեզվից», - ասել է Պատրուշևը՝ մեկնաբանելով Ռյուտեի խոսքերը։

Վերջին տարիներին Ռուսաստանը հայտարարում է իր արևմտյան սահմանների մոտ ՆԱՏՕ-ի աննախադեպ ակտիվության մասին։ Դաշինքն ընդլայնում է նախաձեռնությունները և դա անվանում «ռուսական ագրեսիայի զսպում»։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում բացատրել է, որ Մոսկվան չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա, դա որևէ իմաստ չունի։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ արևմտյան քաղաքական գործիչները պարբերաբար վախեցնում են իրենց բնակչությանը իբրև թե ռուսական սպառնալիքով՝ ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու համար, սակայն «խելացի մարդիկ հիանալի հասկանում են, որ դա կեղծիք է»։