Ուրբաթ օրը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները նամակ են հղել Ջեֆրի Էփշտեյնի շահերը ներկայացնող փաստաբաններին՝ խնդրելով տրամադրել այսպես կոչված «Ծննդյան գրքի» պատճենը, որը, ըստ The Guardian-ի, պարունակում է Դոնալդ Թրամփի կողմից գրված կոպիտ բանաստեղծություն և նկարազարդում՝ նվիրված արդեն մահացած սեռական հանցագործի 50-ամյակին։

Նամակում Կալիֆոռնիայից կոնգրեսականներ Ռո Հաննան և Ռոբերտ Գարսիան ընդգծում են, որ գրքի բովանդակությունը կարող է «կարևոր» լինել Կոնգրեսի վերահսկողության համար, որպեսզի հասկանան, թե ինչպես է Թրամփի վարչակազմը վարվել Էպշտեյնի հետ կապված վիճահարույց հարցերի հետ։

Նրանք խնդրել են գրքի «ամբողջական և չխմբագրված» օրինակն ուղարկել մինչև օգոստոսի 10-ը։

«Հասարակությունն պետք է իմանա ճշմարտությունը, իսկ վերապրածներն ու նրանց ընտանիքները՝ արդարություն ստանան,» — ասել է Ռո Հաննան։ Նա նաև քննադատել է Կոնգրեսին այն պատճառով, որ այն վաղաժամ լքել է Վաշինգտոնը՝ առանց իր երկկուսակցական օրինագծի շուրջ քվեարկելու, որը վերաբերում է Էպշտեյնի գործին առնչվող փաստաթղթերի հրապարակմանը։

«Ծննդյան գիրքը» (The birthday book) կաշվե կազմով ալբոմ է, որը կազմել է Էփշտեյնի վաղեմի զուգընկերուհի Գիսլեյն Մաքսվելը, ով 20 տարվա ազատազրկման է դատապարտվել անչափահասների սեռական շահագործման նպատակով Էփշտեյնի հետ դավադրության համար։ Ըստ The Wall Street Journal-ի՝ այն լի է Էփշտեյնի տասնյակ ընկերների և գործընկերների, այդ թվում՝ Թրամփի, Բիլ Քլինթոնի և Ալան Դերշովիցի, ինչպես նաև այլ հարուստ ու ազդեցիկ մարդկանց ծննդյան օրվա շնորհավորանքներով։