Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իր երկիրը ուկրաինացիներին «ռազմավարական համագործակցություն» է առաջարկում, այլ ոչ թե լիարժեք ինտեգրում Եվրամիությանը՝ պատերազմի մեջ ներքաշվելու մտավախությունների պատճառով։ Այս մասին նա հայտարարել է մի հարցազրույցում, որի հատվածը հրապարակել է իր X սոցիալական ցանցի էջում, գրում է «Եվրոպեյսկայան պրավդան»։

Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան Ուկրաինային առաջարկում է ռազմավարական համագործակցություն սկսել, որը կլինի «պրագմատիկ, ճկուն և փոխշահավետ, այլ ոչ թե անդառնալի ինտեգրում»։

«Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցությունը կհանգեցնի Եվրոպայում սրտում պատերազմի սկսմանը և մեր ընտանիքները չպետք է բախվեն նման ռիսկի»,- հայտարարել է Հունգարիայի վարչապետը։

Նրա խոսքերով ներկայիս ժամանակները պահանջում են «հավասարակշռված որոշումներ, այլ ոչ թե թատերական սպառնալիքներ»։

Օրբանը Ուկրաինան անվանել է «բուֆերային պետություն»։

«Այսօր Ուկրաինայի ճակատագիրը Ռուսաստանին սահմանակից բուֆերային պետություն լինելն է։ Մենք պատրաստ չենք ընդունել նման ճակատագիր։ Հունգարացիները հենց նոր են փախել դրանից։ Մենք նույնպես բուֆերային երկիր էինք Սառը պատերազմի ժամանակ։ Մենք Խորհրդային Միության մաս չէինք, բայց գտնվում էինք Խորհրդային Միության արևմտյան սահմանին, արևմտյան աշխարհի արևելյան սահմանին, բայց մենք բուֆեր էինք։ Մենք չենք ուզում վերադառնալ այդ դիրքին։ Ուկրաինան նման իրավիճակում է։ Դա կարող է անհարմար, կարող է վատ լինել և ինչ-որ մեկը կարող է ցանկանալ դուրս գալ դրանից, բայց փաստն այն է, որ երկրի հասցեն փոխել հնարավոր չէ»,- հավելել է նա։

Մյուս կողմից, ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Ռումինիայի Բաիլե-Տուշնադ քաղաքում Օրբանը գնահատել է Երրորդ համաշխարհային պատերազմի ռիսկը։

Նրա խոսքով, միանշանակ պատասխան չկա այն հարցին, թե արդյոք կսկսվի Երրորդ համաշխարհային պատերազմ, թե ոչ, թեև նախանշաններ կան, իսկ եվրոպական պատերազմն արդեն ընթանում է Ուկրաինայի տարածքում։

«Կլինի՞ արդյոք Երրորդ համաշխարհային պատերազմը։ Միանշանակ պատասխան չկա։ Նախագահ (ԱՄՆ Դոնալդ - խմբ.) Թրամփի գալով դրա հավանականությունը նվազել է, բայց չի վերացել։ Դատելով նրանից, ինչ ես տեսնում եմ միջազգային քաղաքականության մեջ, ամբողջ աշխարհը պատերազմի սառը կանխազգացում ունի... Ես պետք է ասեմ, որ սառը կանխազգացումներին ոչ միշտ է փոթորիկ հաջորդում, բայց չարագուշակ ստվերներ կան»,- ասել է Օրբանը։

Այդ նշանների թվում նա նշել է խոշոր համաշխարհային տերությունների միջև լարվածության աճը, միջազգային հակամարտությունների աճը, սպառազինությունների մրցավազքը, աշխարհի բաժանումը բլոկների, առևտրային սահմանափակումների և միգրացիայի ուժեղացումը։