Հունաստանը պայքարում է ամբողջ երկրում բռնկված հինգ խոշոր անտառային հրդեհների դեմ, իշխանությունները տարհանում են բնակիչներին մայրաքաղաք Աթենքից ընդամենը 30 կմ հյուսիս գտնվող և խիստ տուժած տարածաշրջանից, հայտնում է BBC News-ը։
Հունաստանը տարածվող կրակի դեմ պայքարում օգնության խնդրանքով դիմել է Եվրամիությանը։
Արտակարգ իրավիճակը պահպանվում է սաստիկ շոգի պայմաններում։ Կանխատեսումների համաձայն, կիրակի օրը ջերմաստիճանը կհասնի ըստ Ցելսիուսի 44 աստիճանի։
Հունաստանը պաշտոնապես օգնություն է խնդրել ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմից՝ լրացուցիչ վեց հրշեջ ինքնաթիռ տրամադրելու համար։
Ատտիկայում՝ այն տարածաշրջանում, որտեղ գտնվում է Աթենքը, շաբաթ օրը Աֆիդնեսում սկսված հրդեհն արագորեն տարածվել է Դրոզոպիգիի, Կրիոներիի և Ագիոս Ստեֆանոսի վրա՝ ստիպելով բնակիչներին փախուստի դիմել։ Թեև հրշեջ ծառայությունը հայտարարում է, որ հիմնական ճակատը մեկուսացված է, հրդեհի առանձին օջախները շարունակում են այրվել։
Տարածքում շարունակում է աշխատել ավելի քան 200 հրշեջ՝ ուղղաթիռների և ջրային ռումբեր նետող ինքնաթիռների աջակցությամբ։ Ըստ պաշտոնյաների, Էվբեա կղզում՝ Պիսոնասի մոտակայքում բռնկված երկրորդ հրդեհը «դուրս է եկել վերահսկողությունից» և արագորեն տարածվել Աֆրատիի վրա։
Մի քանի գյուղեր, այդ թվում՝ Պուրնոսն ու Միստրոսը, մնացել են առանց էլեկտրականության այն բանից հետո, երբ կրակը ոչնչացրել է էլեկտրասյուներն ու հաղորդալարերը։ Վեց հրշեջ այրվածքներով և ծխախեղդումով տեղափոխվել է հիվանդանոց, մինչդեռ 115 մարդ շարունակում է պայքարել կրակի դեմ։
Կիտիրայում երրորդ անտառային հրդեհը ընդգրկել է կղզու մեծ մասը, և բնակիչները նկարագրում են «ամբողջական ավերածությունների» տեսարաններ։
Մեսինիայում շաբաթ առավոտյան Տրիֆիլիայի Պոլիտեա շրջանում բռնկվել է չորրորդ անտառային հրդեհը, որն ուժգնացել է օրվա ընթացքում։ Հունական 112 համակարգով ուղարկվել է արտակարգ իրավիճակների մասին հինգ նախազգուշացում՝ մարդկանց կոչ անելով լքել մի քանի գյուղեր։ Ուժեղ քամին դժվարացնում է հրդեհաշիջման աշխատանքները, կրակի դեմ պայքարում է 84 հրշեջ, 30 միավոր տեխնիկա և յոթ ինքնաթիռ։
Միևնույն ժամանակ, Կրետեի Խանիա շրջանի Թեմենիա բնակավայրում մոլեգնում է հինգերորդ անտառային հրդեհը։ Հրդեհը սկսվել է երկու առանձին վայրերում և արագ տարածվել՝ ոչնչացնելով առնվազն երկու տուն։
Մի քանի շրջաններ նոր հրդեհների վտանգի տակ են, այդ թվում՝ Հոնիական կղզիները, Արևմտյան Հունաստանը, Պելոպոնեսը, Կենտրոնական Հունաստանը, Ատտիկան, Էպիրը, Արևմտյան Մակեդոնիան (Ֆլորինա, Կաստորիա, Կոզանի), Արևելյան Մակեդոնիան և Թրակիան (Էվրոս), Թեսալիան (Մագնեզիա, Լարիսա, Տրիկալա), Հարավային Էգեյան ծովի կղզիները (Հռոդոս) և Կրետեն։