Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ շաբաթ օրը, չնայած հրադադարին, երկրի հարավում իսրայելական ավիահարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել, իսկ Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներից մեկը թիրախավորել է «Հեզբոլլահ» շարժման զինյալին, հաղորդում է AFP-ն։

«Տիրի շրջանում տրանսպորտային միջոցի ուղղությամբ իսրայելական թշնամական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով մեկ մարդ է զոհվել»,- ասված է նախարարության հայտարարության մեջ։

Իսրայելի բանակն իր հերթին հայտարարել է, որ «հարվածել և վերացրել է» «Հեզբոլլահի» հրամանատարին, որը «մասնակցել է ահաբեկչական կազմակերպության վերականգնման ջանքերին Բինթ Ջբեյլի շրջանում»՝ սահմանից ոչ հեռու։

Հարվածի վայրը չի հստակեցվում։ Ավելի ուշ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Տիրի շրջանի Դեբաալ քաղաքի ուղղությամբ իսրայելական մեկ այլ հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել։

NNA պետական լրատվական գործակալությունը հայտնել է, որ հարվածի թիրախը բնակելի տուն է եղել։

Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանին՝ չնայած հրադադարի մասին նոյեմբերյան համաձայնագրին, որը կոչված էր վերջ դնելու «Հեզբոլլահի» հետ մեկ տարուց ավելի տևած մարտական գործողություններին, ներառյալ երկու ամիս տևած համատարած պատերազմը։

Իսրայելը հայտարարել է, որ կշարունակի հարվածներ հասցնել, քանի դեռ շարժումը զինաթափված չէ։

Ըստ հրադադարի պայմանների, «Հեզբոլլահը» պետք է իր զինյալներին դուրս բերեր Լիտանի գետից հյուսիս՝ իսրայելական սահմանից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա, թողնելով լիբանանյան բանակին և Միավորված ազգերի կազմակերպության խաղաղապահներին՝ որպես տարածաշրջանի միակ զինված կողմեր։

Իսրայելը պետք է իր բոլոր զորքերը դուրս բերեր Լիբանանից, սակայն դրանք պահպանել է հինգ շրջաններում, որոնք ռազմավարական է համարում։