Հարևան Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը կտրուկ արձագանքել է Իսրայելի դեսպանի վերջին վրդովմունք պատճառող հայտարարություններին, հայտնում է Mehr-ը։
Իրանի դեսպանատան մամուլի քարտուղար Բեհնամ Մալեքփուրը շաբաթ օրը Իսրայելն անվանել է Արևմտյան Ասիայի բոլոր խնդիրների հիմնական պատճառը՝ հղում անելով երկրի ագրեսիվ և էքսպանսիոնիստական քաղաքականությանը։ Արձագանքը հաջորդել է Բաքվում կայացած մամուլի ասուլիսում Ջորջ Դիքի հայտարարությանը, թե Իրանը թուլացել է իսրայելական պատերազմից հետո, և որ աշխարհը, ներառյալ Մերձավոր Արևելքը և Հարավային Կովկասը, այժմ ավելի անվտանգ է դարձել։
Իրանցի դիվանագետն ի պատասխան հղում է արել իսրայելական ռեժիմի ագրեսիվ գործողություններին Պաղեստինի, Լիբանանի, Սիրիայի, Իրանի և տարածաշրջանի այլ երկրների դեմ։
«Իսրայելը մեծագույն սպառնալիք է ներկայացնում համաշխարհային խաղաղությանը, և այս մերժվածին զսպելու ուղղությամբ միջազգային լուրջ գործողությունների բացակայությունը կհանգեցնի անկայունության տարածմանն ամբողջ աշխարհում», - նախազգուշացրել է նա։
Մալեքփուրը նաև կոչ է արել անհապաղ գործողություններ ձեռնարկել «դադարեցնելու ցեղասպանությունը Գազայում և պատժելու սիոնիստական հանցագործներին՝ իրենց անմարդկային պաշարման և անմեղ պաղեստինցիներին սննդից ու ջրից զրկելու համար»։
«Բնական է, որ ռեժիմը, որը հիմնված է Պաղեստինի պատմական հողի բռնազավթման, նրա բնիկ բնակիչների սպանությունների ու արտաքսման, ինչպես նաև հարևան երկրներին ահաբեկչության և պատերազմի մեջ ներքաշելու վրա, անամոթաբար փորձում է պառակտում սերմանել մահմեդական ժողովուրդների միջև», - ասել է նա։
Դիվանագետը միևնույն ժամանակ հայտարարել է, որ իսրայելցի դեսպանի ատելությամբ լի արտահայտությունները չեն վնասի Իրանի և Ադրբեջանի միջև պատմական կապերին։
«Իրանի և Ադրբեջանի Հանրապետության ժողովուրդների միջև կապվածության և բարեկամության կապերը չափազանց ամուր են, որպեսզի դրանք թուլանան ցեղասպանություն և ռասիզմ իրականացնող ռեժիմի ներկայացուցիչների չարության պատճառով», - հավելել է նա։