Թուրքիայում կառուցվող «Ակկույու» ԱԷԿ-ը հուսալիորեն պաշտպանված է հրդեհներից, դեռ նախագծման փուլում այն դասվել է աշխարհի ամենահրդեհանվտանգ ատոմակայանների շարքին։ Այս մասին РИА Новости-ին հայտնել են «Ակկույու Նուկլեար»-ի մամուլի ծառայությունում։
««Ակկույու» ԱԷԿ-ը հուսալիորեն պաշտպանված է հրդեհներից։ Դեռ նախագծման փուլում, նորագույն չայրվող նյութերի կիրառման, էներգաբլոկների կառուցվածքների հրակայունությունը բարձրացնող, այրումը չտարածող մալուխների, հրդեհանվտանգ յուղերի, հակահրդեհային պաշտպանության ամենաարդյունավետ առաջադեմ ավտոմատ համակարգերի օգտագործման, հակահրդեհային գոտիավորման շնորհիվ հնարավոր դարձավ «Ակկույու» ԱԷԿ-ը դասել աշխարհի ամենահրդեհանվտանգ գործող և կառուցվող ատոմակայանների շարքին», — հայտարարել է «Ակկույու Նուկլեար» ԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Բուցկիխը։
«Ակկույու Նուկլեար» ԲԸ-ի հրդեհային անվտանգության ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով հերթապահություն են իրականացնում «Ակկույու» ԱԷԿ-ի կառուցման հարթակում, հրդեհային անվտանգության ծառայությունն անընդհատ ապահովում է շինհրապարակի մշտադիտարկումը և վերահսկում է հրդեհային անվտանգության պահանջների պահպանումը կառուցվող բոլոր օբյեկտներում, նշել են մամուլի ծառայությունում։
Հարթակի պարագիծը դրսից հուսալիորեն առանձնացված է հարակից անտառից հանքայնացված շերտերով։
Ամբողջ անտառային զանգվածը բաժանված է սեկտորների՝ մինչև 100 մետր լայնությամբ հակահրդեհային բացատներով, որոնք հուսալի խոչընդոտ են հնարավոր հրդեհի տարածման համար։ Կառուցվել են մի քանի լայն, պինդ ծածկույթով հակահրդեհային ճանապարհներ՝ հրշեջ տեխնիկայի և ստորաբաժանումների անխոչընդոտ մուտքի համար դեպի հարթակի ցանկացած կետ։
Շաբաթ օրը Թուրքիայի իշխանությունները Մերսինի և Քարաբյուքի նահանգների մի շարք շրջաններից տարհանել են ավելի քան 1,3 հազար բնակչի՝ անոմալ շոգի ֆոնին բռնկված լայնածավալ անտառային հրդեհների պատճառով, իսկ կիրակի օրը Բուրսայի նահանգում տարհանվել է գրեթե երկու հազար մարդ։
Թուրքիայի արևելյան մի շարք քաղաքներում ջերմաստիճանը մոտեցել է 50 աստիճանի, Սիլոփիում սահմանվել է դիտարկումների ողջ պատմության ընթացքում նոր ռեկորդ՝ 50,5 աստիճան։ Ըստ Օդերևութաբանության գլխավոր վարչության (MGM) կանխատեսման, մինչև օգոստոսի 2-ը Թուրքիայում կպահպանվի անոմալ շոգը՝ 7-12 աստիճանով գերազանցելով սեզոնի միջին ցուցանիշները։
Ներկայումս Թուրքիայում Ռուսաստանի մասնակցությամբ կառուցվում է երկրի առաջին՝ «Ակկույու» ԱԷԿ-ը։