Ռուսական զորքերը հուլիսի 28-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիևի վրա: Քաղաքի Դարնիցկի շրջանի բազմահարկ բնակելի շենքերից մեկում պայթյունի ալիքից 6-րդից մինչև 11-րդ հարկերի պատուհաններ են ջարդվել, հայտնել է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն: Քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոյի տվյալներով՝ վիրավորվել է ութ մարդ, այդ թվում՝ երեք տարեկան երեխա։ Չորս մարդ հոսպիտալացվել է, նրանցից մեկը գտնվում է ծանր վիճակում։ Բացի շենքից, վնասվել են բակում կայանված մեքենաները, սակայն հրդեհ չի բռնկվել։ Դեպքի վայրում շարունակում են աշխատել ոստիկանության քննչական-օպերատիվ խմբեր և պայթյունագետներ։

Ռուսական զորքերը գիշերվա ընթացքում հարձակվել են նաև Դնեպրոպետրովսկի մարզի վրա։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակի տվյալներով՝ Նիկոպոլի շրջանում անօդաչու թռչող սարքերի հարվածների և հրետանային գնդակոծությունների հետևանքով տուժել է երկու մարդ՝ 15-ամյա աղջիկ և 49-ամյա կին։ Վնասվել է ուսումնական հաստատության շենքը, բազմաբնակարան և երեք մասնավոր տներ, տնտեսական շինություններ և էլեկտրահաղորդման գծեր։ Հարվածի տակ է հայտնվել նաև Կիրովոգրադի մարզի Կրոպիվնիցկի քաղաքը։ Այնտեղ անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո առնվազն ինը պայթյուն է եղել։ Բռնկվել է հրդեհ և վնասվել է տեղի ֆիլհարմոնիան, սակայն նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Անդրեյ Ռայկովիչը։

Բացի այդ, անցած գիշեր Ուկրաինայի զինված ուժերի օդուժը հրթիռային վտանգ է հայտարարել երկրի ողջ տարածքում։ Դա եղել է ռուսական ՄիԳ-31-երի թռիչքի պատճառով, որոնք հնարավոր է, որ «Կինժալ» հրթիռներ են կրել։ Հաղորդվում է Կիևի, Ժիտոմիրի, Խմելնիցկիի և Կիևի մարզերի ուղղությամբ շարժվող արագընթաց թիրախների մասին։ Ընդհանուր առմամբ, հրթիռային վտանգի ռեժիմը գործել է մոտ 30 րոպե։ Հարվածների կամ խոցված հրթիռների մասին տեղեկություններ չեն ստացվել։