Գերմանա-ամերիկյան «Auterion» ընկերությունը մինչև տարեվերջ Ուկրաինային կմատակարարի 33 հազար «հարվածային կոմպլեկտ»՝ արհեստական բանականության միջոցով անօդաչու սարքերը կառավարելու համար, գրում է «Financial Times»-ը։
Ընկերության ղեկավար Լորենց Մայերը թերթին հայտնել է, որ Auterion-ն արդեն Ուկրաինային մատակարարում է հազարավոր կոմպլեկտներ, սակայն նոր մատակարարումները «10 անգամ ավելի մեծ մասշտաբի կլինեն»։
«Մենք արդեն մատակարարել ենք հազարավոր համալիրներ, իսկ այժմ մատակարարում ենք տասնյակ հազարավոր», — հավելել է նա։ Հարվածային համալիրները բաղկացած են Auterion ընկերության ծրագրային ապահովմամբ մինի համակարգչից, տեսախցիկից և ռադիոկայանից։ Ծրագրային ապահովումն այս համակարգերը միավորում է մեկ ընդհանուր ցանցի մեջ և այդպիսի դրոնները հնարավոր չէ խափանել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։ Այս տեխնոլոգիան թույլ կտա առավել արդյունավետ կերպով պայքարել ռուսական հարվածային դրոնների խոշոր «պարսերի» դեմ, որոնք ծանրաբեռնում են Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգը։
Նոր պատվերի համար վճարել է Պենտագոնը, հաղորդում է FT-ն։




























