Իմ խորին համոզմամբ, պետական պաշտոնյային պիտի շնորհավորես այն ժամանակ, երբ որ ինքը գործից դուրս է գալիս ու այդ ժամանակահատվածում, երբ որ կառավարել է, հետք է թողել քաղաքում։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 28–ին, մամուլի ասուլիսում նշեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ անդրադառնալով նրան, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին չի շնորհավորել ընտրվելու առթիվ։
«Ես ինքս ինձ շնորհավորողներին այդ հորդորն եմ արել, որ ինձ շնորհավորեք այն ժամանակ, երբ որ իմ գործից դուրս գալուց հետո ես հետք թողած կլինեմ մարզում ու քաղաքում, որովհետև որպես այդպիսին պետական պաշտոնյան ծառայող է։ Ես չեմ կարծում, որ բարձր ծառայության գնալու մեջ շնորհավորելու ինչ-որ բան կա։ Իմ մոտեցումը այդպես է ու ավելի սիրով կընդունեմ այն շնորհավորանքները, որ որ կլինի պաշտոնս լքելուց հետո, եթե քաղաքում կամ մարզում որևիցե հետք թողել եմ։ Մենակ այդտեղ շնորհավորելու բան կա»,–ասաց նա։
Ինչ վերաբերվում է նրան, որ մարզխորհրդի նիստին չեն հրավիրել Գյումրիի քաղաքապետին, Առուշանյանն ասաց. «Գյումրին մեր վեց համայնքներից մեկն է և բոլոր համայնքի ղեկավարներին պատշաճ հրավեր ուղարկվել է, չնայած պարոն Ղուկասյանն էլ ասեց, որ խնդիրը առաջացել է աշխատակազմի ղեկավարի հետ կապված, որ ինքը տեղեկացված չի եղել։ Բայց մարզխորհրդի նիստը հենց անվանումը արդեն հուշում է, որ խորհրդի նիստ է և Գյումրու քաղաքապետը խորհրդի անդամ է և մարզխորհրդի նիստերին որոշումներ են կայացվում, նաև ներկայացվում են շատ ծրագրեր, ունենում ենք շատ քննարկումներ, թե բաց հատվածում, թե փակ հատվածում՝ մարզպետարանի ու համայնքների աշխատանքի հետ կապված։
Այնպես որ, մարզխորհրդի նիստերին ճիշտ կլինի գալ, որովհետև այդտեղ քննարկում են համայնքի ղեկավարի համար կարևոր ուղղությունները և նաև հնարավորություն է շփվել կառավարության ներկայացուցչի հետ»։





























