7 տարում 99 ոստիկան է դատապարտվել հանցագործության համար, գրում է «Հետքը»։

Հանցագործությունների դեմ պայքար մղողները երբեմն իրենք են դառնում հանցանք կատարողներ: Ոստիկանության ծառայողների կողմից բնակարանային գողությունները, թմրանյութի ապօրինի շրջանառությունն ու այլ հանցագործություններն աճում են։

2018-2025թթ․ 1-ին կիսամյակի ընթացքում հանցանք կատարելու համար դատապարտվել է Ոստիկանության 99 ծառայող, արդարացվել՝ 3-ը: Նշված ժամանակահատվածում ամենաշատը ոստիկանները դատապարտվել են 2024թ․-ին՝ 21 ծառայող, որից 12-ը եղել են պարեկային ծառայողներ:

Ուշագրավ է, որ պարեկները հայտնվում են տարաբնույթ պատմությունների մեջ՝ մեկ կասկածվում են կանչով մեկնելու ժամանակ քաղաքացու տնից ոսկյա զարդեր գողանալու մեջ, մեկ կատարում են բնակարանային գողություններ: Սակայն, քիչ չեն նաև դեպքերը, երբ կեղծ արձանագրություններ են կազմում:

Դատապարտված ոստիկաններից 44-ը եղել են մարզային ստորաբաժանումների աշխատակիցներ, իսկ 55-ը՝ Երևան քաղաքի:

Ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի կրտսեր պարեկը 2023թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 05:15-ից մինչև 05:21-ն ընկած ժամանակահատվածում և 2024թ. հունվարի 15-ին՝ ժամը 06:42-ից մինչև 06:44-ն ընկած ժամանակահատվածում, 2 անձանց վերաբերյալ՝ առանց նրանց մասնակցության, առանց որևէ իրավախախտում կատարելու փաստի, կազմել է 6 արձանագրություն և որոշում՝ դրանք մուտքագրելով փաստաթղթերի գրանցման տեղեկատվական համակարգում: Այսինքն՝ պարեկը 8 րոպեի ընթացքում 6 արձանագրություն է կազմել:

Սակայն, նրա գործընկեր պարեկն ավելի «ճարպիկ» է գտնվել՝ 2 անձի վերաբերյալ 26 կեղծ արձանագրություն է կազմել:

Հակակոռուպցիոն դատարանը 2024թ. մեղադրական դատավճիռ է կայացրել: 6 կեղծ արձանագրություն կազմած պարեկի նկատմամբ դատարանը նշանակել է տուգանք՝ 1 մլն դրամի չափով, իսկ 26 արձանագրություն կազմածի նկատմամբ՝ 3 մլն դրամ տուգանք:

Ուշագրավ է, որ կեղծ արձանագրություն կազմած պարեկներից մեկն այսօր մեղադրվում է բնակարանային գողություն կատարելու մեջ: Գործը քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Ըստ մեղադրանքի՝ իմանալով, որ Գյումրի քաղաքի տնակներից մեկում պահվում են ոսկյա զարդեր և գումար, իսկ տնակի տերը ոչ սթափ վիճակում քնած է, 2025թ. հունվարին՝ ոչ հայտնի օրը՝ երեկոյան ժամի, երկու այլ անձանց հետ պարեկը գնացել է տնակի մոտակայք: Այնտեղ դրել եննախապես վերցված և մեքենայի բեռնախցիկում տեղադրված դիմակները, վերցրել բեռնախցիկում տեղադրված պտուտակահանները և շարժվել են տնակի ուղղությամբ: Հասնելով տնակին՝ շրջանցել են բակային հատվածը, հրելով փորձել են բացել տնակի պատուհանը, սակայն չեն կարողացել, ինչից հետո բակում գտնվող աստիճանի օգտագործմամբ նրանցից երկուսն անցել են հետնամաս, բացել են պատուհանը և ապօրինի մուտք գործելով տնակ՝ գողացել են ընդհանուր 3 մլն 340 հազ. դրամ արժողությամբ ոսկյա շղթա, թանկարժեք քարերով ոսկյա մատանիներ, արծաթյա սպասք, 160.000 դրամ գումար, հրազենի նմանվող առարկա: Դրանից հետո մեկնել են Երևան և վաճառել դրանք, իսկ ստացված գումարը բաշխել են իրար միջև:

Նմանատիպ մեկ այլ դեպք էլ 2023թ.-ին էր ցնցել հանրությանը: Պարեկային ծառայողը 2021թ. հուլիսի 11-ից մինչև 2023թ. մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում տարբեր օրերի մուտք է գործել Արագածոտնի մարզի Կարբի և Օհանավան համայնքների տարբեր տներ և այնտեղից կատարել գողություններ` տան տերերին պատճառելով տարբեր չափերի գույքային վնաս: Դրանից բացի, նա 2023թ. մարտի 1-ին գողություն կատարելու նպատակով մտել է Կարբի գյուղի տներից մեկը, սակայն համագյուղացիները նկատել են նրան: Համագյուղացիների կողմից բռնվելու վտանգը զգալով և նրանցից խուսափելու նպատակով՝ նշված տանն եղած պահարանից վերցրել է գործարանային արտադրության «ՄՊ-27Մ» տեսակի որսորդական ողորկափող երկփողանի հրացանը և փորձել է փախչել: Կրակել է, որ համագյուղացիները փախչեն, որից հետո, հրացանը ձեռքին, ինքն է դիմել փախուստի: Ցատկել է վերոնշյալ տան պատուհանից ու վնասել ոտքը, ինչից հետո համագյուղացիները բռնել են նրան ու հանձնել Ոստիկանության ծառայողներին:

Ոստիկանության աշխատակիցը մեղավոր է ճանաչվել 28 դրվագով բնակարան մուտք գործելով գողություն կատարելու, 8 դրվագով՝ գողության փորձ կատարելու և մեկ դրվագով ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու համար: Դատապարտվել է 5 տարի 10 ամիս ժամկետով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։