Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է մայրաքաղաքի վարչական շրջաններում ապօրինի կառույցների ապամոնտաժման աշխատանքների հետ կապված դժգոհություններին:
«Սիրելի՛ երևանցիներ, սիրելի՛ ընկերներ,
Երևանի քաղաքապետարանը և վարչական շրջանները շարունակելու են ապօրինի կառույցների ապամոնտաժումը, և այն տարածքները, որոնք տարիների ընթացքում զավթվել են տարբեր մարդկանց կողմից, վերադարձվում են և վերադարձվելու են երևանցուն․ սրան այլընտրանք ուղղակի չկա։
Հիշեցնեմ նաև, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ ինքնակամ շինությունները (այն շինությունները, որոնք կառուցվել են առանց համապատասխան թույլտվության կամ խախտելով նախագծային ու նորմատիվ պահանջները) ենթակա են ապամոնտաժման։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, ինչպես նաև «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի և համայնքային իրավական ակտերի հիման վրա այն շինությունները, որոնք տարբեր հանձնաժողովային քննարկումների արդյունքում չեն ճանաչվել օրինականացման ենթակա, պետք է ապամոնտաժվեն սեփական նախաձեռնությամբ։
Հորդորում ենք այն քաղաքացիներին, որոնց պատկանող շինությունները համապատասխանում են վերը նշված պայմաններին, իրականացնել ինքնուրույն ապամոնտաժում, հակառակ դեպքում՝ համայնքը կիրականացնի ապամոնտաժումը պարտադրանքով՝ օրենքով սահմանված կարգով, ինչը Երևան համայնքին կբերի լրացուցիչ ֆինանսական ու տեխնիկական ծախսերի:
Նշված ռեսուրսները կարող են առավել արդյունավետ ծառայել համայնքային կարիքներին, ուստի ակնկալում ենք ձեր ըմբռնումն ու համագործակցությունը:
Սիրենք մեր հրաշք մայրաքաղաքը, որը ակնհայտորեն գեղեցկանում է ամեն օր»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ հուլիսի 29-ին ապամոնտաժվել են Երևանի Տիգրան Մեծ փողոցում գտնվող կրպակները:




























