ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ցանկանում է, որ ինքը պաշտոնական այցով մեկնի Չինաստան։

«[Սի Ծինփինը] ցանկանում է, որ ես մեկնեմ այնտեղ [Չինաստան] և նա գա այստեղ [ԱՄՆ]», - հայտարարել է ԱՄՆ նախագահը Breitbart News պորտալին տված հարցազրույցում՝ նշելով, որ հնարավոր այցերի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն եղել։ «Մենք, ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում կմեկնենք Չինաստան, միգուցե մինչև այս տարվա վերջ։ Իսկ նա կգա այստեղ»,- հավելել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը։

Թրամփը նաև դրական է գնահատել Չինաստանի հետ առևտրային բանակցությունները։ «Մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք Չինաստանի հետ։ [Առևտրային համաձայնագրի շուրջ] իրավիճակը դեռ լավ է։ Ես բարձրացրի մաքսատուրքերը և ինչ-որ պահի դրանք հասան 145%-ի, ինչը նշանակում է, որ անհնար է որևէ գործունեություն ծավալել։ Մեղմ ասած՝ դա որոշ չափով չափազանց է եղել և ըստ էության, մեկ ամսով դադարեցրել է առևտուրը ԱՄՆ-ի և Չինաստանի միջև։ Չինաստանը մեր համար շատ կարևոր է»,- եզրափակել է նա։

ԱՄՆ-ի և Չինաստանի միջև երկկողմ առևտրի շուրջ բանակցություններ են տեղի ունեցել Ստոկհոլմում՝ հուլիսի 28-29-ին։ Ամերիկյան ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը դրանք կառուցողական է անվանել և հայտարարել, որ մտադիր է ԱՄՆ նախագահին դրական լույսի ներքո ներկայացնել անցկացված խորհրդակցությունների մասին զեկույցը։ Դրանից հետո Թրամփը որոշում կկայացնի, թե արդյոք պետք է երկարաձգել Վաշինգտոնի և Պեկինի միջև մաքսատուրքերի ներդրման հետաձգման մասին պայմանավորվածությունը։