Ավստրալիայի կառավարությունը որոշել է YouTube տեսանյութերի հոսթինգի ծառայությունը ներառել այն հարթակների շարքում, որտեղ կարող են մուտք գործել միայն 16 տարեկանը լրացած անձինք, հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն։
«Ավստրալիայի կառավարության՝ ինտերնետի անվտանգության հարցերով լիազորի առաջարկությունների համաձայն, 16 տարեկանից ցածր դեռահասները չեն կարողանա հաշիվ բացել YouTube հարթակում»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է ավստրալիական ԶԼՄ-ներով։
Քաղաքական գործիչը հաստատել է, որ այս արգելքը կտարածվի նաև Facebook, Instagram, Snapchat, TikTok և X սոցիալական ցանցերի վրա։ Նրա խոսքերով՝ առցանց խաղերը, մեսենջերները և կրթական հարթակները սահմանափակումների տակ չեն ընկնի։
Ալբանեզեն հայտարարել է, որ մտադիր է այլ երկրների ղեկավարների հետ քննարկել սոցիալական ցանցերի ազդեցությունը դեռահասների հոգեկան առողջության վրա, որը անելու է այս տարվա սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում։
Ապրիլին Bloomberg գործակալությունը հաղորդել է, որ ավստրալիական իշխանությունները չեն նախատեսում արգելք մտցնել YouTube-ի օգտագործման համար՝ մինչև 16 տարեկան դեռահասների համար։ Ամերիկյան Alphabet կորպորացիան, որին պատկանում է տեսահոսթինգը, ավելի վաղ խոստացել է դիմել դատարան՝ Ավստրալիայում հարթակի հասանելիության վերաբերյալ տարիքային սահմանափակումներ մտցնելու դեպքում։
Ավստրալիայի խորհրդարանը 2024 թվականի նոյեմբերին հավանություն է տվել կառավարության կողմից առաջարկված օրենքին, որը սահմանափակում է սոցիալական ցանցերի օգտատերերի տարիքը։ Փաստաթղթի համաձայն՝ ինտերնետում անվտանգությունը կարգավորող գործող օրենսդրության մեջ փոփոխություններ կկատարվեն, որոնք կարգելեն սոցիալական ցանցերի հասանելիությունը 16 տարեկանից ցածր անձանց համար։ Սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի դեկտեմբերի 10-ին։ Դրանից հետո Ավստրալիայի իշխանությունները տեխնոլոգիական ընկերություններից և սոցիալական ցանցերի ղեկավարությունից կպահանջեն միջոցներ ձեռնարկել օգտատերերի տարիքը վերահսկելու համար։ Նոր օրենսդրության դրույթները խախտելու դեպքում նրանց կսպառնա տուգանք՝ մինչև 32.5 միլիոն դոլարի չափով։





























