«Ես չեմ զգում, որ ԼՂՀ իշխանությունները ցանկանում են բանակցային կողմ դառնալ: Նրանք, ըստ էության, լրջորեն չեն ձգտնում դրան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ակունք» վերլուծական կենտրոնի ղեկավար, նախկին դաշնակցական Ռուբեն Հակոբյանը, հավելելով, որ իր համար ԼՂՀ իշխանությունների այդ պահվածքն անընդունելի է: Նրա խոսքով, բոլոր նմանատիպ հակամարտությունների դեպքում, ինքնորոշվող սուբյեկտը մասնակցում է բանակցություններին եւ միայն ԼՂ դեպքում է, որ Ղարաբաղի ժողովուրդն ու իշխանությունը մեկուսացված է իր ճակատագիրը որոշելու հարցից:

NEWS. am-ի հարցին, թե իսկ ԼՂՀ իշխանությունները չեն ձգտում դառնալ բանակությունների լիիրավ կողմ, Ռ. Հակոբյանը արձագանքեց. "Դժվար է պատասխանել, որովհետեւ եթե իսկապես լրջորեն ցանկանային, ոչ թե առիթից առիթ պետք է հայտարարեին, որ չենք ընդունի որեւէ փաստաթուղթ, որտեղ չի լինի մեր մասնակցությունը, այլ պետք է կոնկրետ քայլ անեին: Ի վերջո, կարող են շատ նորմալ Հայաստանին պայմանագրային, փաստաթղթային տեսքով ասել, որ «Սիրելի ՀՀ իշխանություն, դուք կարող եք միայն Ձեր անունից խոսել, որովհետեւ սա շատ ճակատագրական հարց է եւ առանց մեր մասնակցության ու դիրքորոշման մենք չենք ընդունի որեւթ փաստաթուղթ», միաժամանակ դիմելով նաեւ այն կառույցներին, որոնք այսօր զբաղվում են ԼՂ հարցով:

Նրա կարծիքով, տպավորություն է ստեղծվում, որ առիթից առիթ արվող հայտարարությունները, որոնք պահի տակ թելադրված եւ երեւէ շարունակություն չունեցող դիրքորոշումներ են, ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունների պայմանավորվածությունների արդյունք են, բայց այնպես, որ դրանով հանկարծ ստեղծված ձեւաչափը չփոխվի:

NEWS.am-ի մյուս հարցին, թե երբ եւ որ սխալի արդյունքում ԼՂ-ն դուրս մղվեց բանակցություններից, նախկին դաշնակցականը պատասխանեց, որ դա տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի ՀՀ նախագահ դառնալուց հետո: Նրա խոսքով, Քոչարյանի ղարաբաղցի լինելը կարծես, «կոմպենսացրեց» Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններում: «Ես ուրիշ պատասխան չունեմ դրան» ընդգծեց նա: