«Կարծում եմ, որ փետրվարին կամ մարտին Թուրքիան արձանագրությունների վավերացմանը առնչվող որեւէ հնարքով հանդես կգա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ հավելելով, որ Թուրքիան դա կանի ապրիլի 24-ից առաջ, որպեսզի ցույց տա ԱՄՆ-ին, թե արդեն սկսել է վավերացման գործընթացը եւ դրանով կկանխի ԱՄՆ-ի եւս մեկ ճնշում՝ ուղղված Թուրքիային՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցով։

Մանոյանը նաեւ չբացառեց, որ հնարավոր է հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը եւ հարաբերությունների կարգավորումը տարիներ ձգվի։ «Այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան այս հարցը կապում է ղարաբաղյան հարցի հետ, Թուրքիան վավերացման հարցում որեւէ լուրջ քայլ չի անի։ Իսկ արցախյան հակամարտությունը վաղը չի լուծվի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ շուտով Հայաստանում եւ Սփյուռքում Դաշնակցությունը սկսելու է ստորագրահավաք, որով փորձելու է թույլ չտալ պատգամավորներին՝ վավերացնել արձանագրությունները։