Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլը փորձել է խափանել հարցաքննությունը՝ հանելով բանտային համազգեստը և պառկելով իր խցի հատակին, հաղորդում է CBS News-ը՝ վկայակոչելով հատուկ դատախազի թիմի հայտարարությանը։

Քննիչները դատարանի որոշում ունեին Յունին բռնի կերպով հարցաքննության տանելու համար, բայց հույսը դրել էին նրա կամավոր մասնակցության վրա գործընթացին։ Դրա փոխարեն, ինչպես ասել է հատուկ դատախազի ներկայացուցիչ Օհ Չոնգ Հին, նախկին նախագահը «վճռականորեն դիմադրել է» և հրաժարվել է բանտային համազգեստ հագնել, հաղորդում է Lenta.ru-ն։

Արդարադատության նախարար Չունգ Սոնգ Հոն խորհրդարանին հայտնել է, որ Յունը քննիչների այցից առաջ հանել է իր շորտերը և կարճ թևքերով մարզաշապիկը և հագել դրանք նրանց հեռանալուց հետո։ Նա հավելել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով ուժ չի կիրառվել, բայց Յունին զգուշացրել են, որ հրամանագիրը կարող է կիրառվել ապագայում։

Յունի փաստաբան Յու Չժոնգ Հվան քննադատել է դատախազներին նախկին նախագահի արտաքին տեսքի քննարկման համար՝ այն անվանելով նրա արժանապատվության վիրավորանք։

Յուն Սոկ Յոլն ավելի վաղ չէր ներկայացել հարցաքննության՝ պատճառաբանելով առողջական խնդիրները։ Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 3-ին նա երկրում ռազմական դրություն հայտարարեց՝ դա արդարացնելով ԿԺԴՀ-ի ենթադրյալ կողմնակիցների դեմ պայքարով։ Ավելի ուշ նրան մեղադրանք է առաջադրվել ապստամբության մեջ։