Լեհաստանը նախատեսում է «Արևելյան վահան» պաշտպանական համակարգի հիմնական տարրերը տեղադրել Ռուսաստանին, Բելառուսին, Լիտվային և Ուկրաինային սահմանակից մունիցիպալիտետներում: Նախագծի մասին, ըստ Defence24-ի, հայտարարել է երկրի պաշտպանության փոխնախարար Ցեզարի Տոմչիկը:
Խոսքն ամրաշինությունների արագ կառուցման և լոգիստիկ կենտրոնների զարգացման համար նախատեսված նյութերով պահեստներ ստեղծելու մասին է: «Յուրաքանչյուր սահմանային մունիցիպալիտետում կհայտնվեն «Արևելյան վահանի» տարրերով պահեստներ: Դրանք կարող են լինել կամ արտակարգ իրավիճակների հետևանքները վերացնելու ռեսուրսներ, կամ բացառապես ռազմական կարիքների համար նախատեսված օբյեկտներ»,- պարզաբանել է Տոմչիկը:
Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է ինչպես ՆԱՏՕ-ի տարածաշրջանային ծրագրերին համապատասխան ֆիզիկական պաշտպանության գծի ստեղծմանը, այնպես էլ անհրաժեշտության դեպքում պաշտպանական դիրքերն արագ ամրապնդող ենթակառուցվածքների պատրաստմանը:
Բացի դրանից, օգոստոսի 1-ից Լեհաստանն ընդլայնել է սահմանը անօրինական ներգաղթյալներից պաշտպանելու համար օգտագործվող հատուկ սարքավորումների ցանկը: Սահմանային ծառայություններն այժմ ունեն ջրցաններ, ձերբակալման ցանցեր, անօդաչու թռչող սարքերի պայքարի միջոցների և հրատեխնիկական սարքեր: Այդ միջոցառումները նպատակ ունեն ամրապնդելու սահմանային պաշտպանությունը՝ Բելառուսի տարածքից անօրինական հատման փորձերի աճի ֆոնին։





























