ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2016 թվականի ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության մասին կեղծ տեղեկության տարածումը երկրի պատմության խոշորագույն քաղաքական սկանդալն է։ Իր մտահոգությունների մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։
Ըստ Թրամփի՝ այժմ «բացարձակապես անհերքելի է», որ Մոսկվայից իր թեկնածությանն աջակցելու մասին պնդումներն անհիմն էին։ «Փաստերն իրենք են վկայում՝ ամեն ինչ փաստաթղթավորված է», - նշել է նա՝ վկայակոչելով վերջերս հրապարակված նյութերին, որոնք, իր կարծիքով, հերքում են նախորդ մեղադրանքները։
«Սա Միացյալ Նահանգների պատմության խոշորագուն սկանդալն է։ Նրանք, ովքեր կանգնած են դրա հետևում, պետք է խստորեն պատժվեն։ Մենք չենք կարող թույլ տալ, որ սա դարձյալ կրկնվի»,- ընդգծել է նա։
Ավելի վաղ՝ հուլիսի 22-ին, Թրամփը միջամտության գործը որակել էր որպես «դարի հանցագործություն» և հայտարարել, որ այն լուրջ վնաս է հասցրել երկրին։ Նա բազմիցս հղում էր կատարել Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի՝ Թուլսի Գաբարդի մասնակցությամբ պատրաստված զեկույցին։ Փաստաթուղթը հրապարակվել է հուլիսի 18-ին։
Ըստ հաղորդագրության՝ Բարաք Օբամայի վարչակազմը Թրամփի ընտրություններում տարած հաղթանակից հետո Ռուսաստանի միջամտության վերաբերյալ կեղծել է հետախուզական տվյալները՝ նրա լեգիտիմությունը խաթարելու համար։ Հիշեցնենք, որ 2016 թվականին ամերիկյան հատուկ ծառայությունները Ռուսաստանին մեղադրել էին ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեջ, իսկ գործը քննել էր հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը։





























