Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իր սաուդյան գործընկեր Ֆեյսալ ալ Սաուդի հետ, որի ընթացքում քննարկել է Գազայի հատվածում տիրող իրավիճակը, Պաղեստինի պետությունը ճանաչելու միջազգային քայլերը և Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները: Հեռախոսազրույցի  մասին РИА Новости-ին հայտնել է Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրը:

Նշվում է, որ դիվանագետները հատուկ ուշադրություն են դարձրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի շրջանակում Պաղեստինը ճանաչելու հնարավորությանը:

Հիշեցնենք, որ այս շաբաթ Նյու Յորքում տեղակայված ՄԱԿ-ի կենտրոնակայանում մեկնարկել է Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի համատեղ կազմակերպած Մերձավոր Արևելքի կարգավորմանը նվիրված համաժողովը: Ֆրանսիայի արտգործնախարարության տվյալներով՝ դրա արդյունքներով 15 արևմտյան երկրների արտգործնախարարներ կոչ են արել պաշտոնապես ճանաչել Պաղեստին պետությունը:

Մինչ օրս Պաղեստինը ճանաչել են 147 երկիր, դրանց թվում՝ Ռուսաստանը: 2024 թվականին Միացյալ Նահանգները վետո է դրել Պաղեստինի ՄԱԿ-ում լիիրավ անդամակցությանը: Այդ ժամանակվանից ի վեր ևս տասը երկիր՝ որոնց թվում՝ Իռլանդիան, Նորվեգիան, Իսպանիան և Հայաստանը, աջակցել են Պաղեստինի պետության ճանաչմանը: