Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեն մեղավոր է ճանաչվել վկաների կեղծման և դատավարական խարդախության մեջ: Հրապարակված որոշմամբ՝ նա դատապարտվել է 12 տարվա ազատազրկման, որը նա կկրի տնային կալանքի տեսքով, հաղորդում է РИА Новости-ն:

Ըստ որոշման տեքստի, որը հրապարակել է Caracol ռադիոկայանը՝ դատավոր Սանդրա Լիլիանա Հերեդիա Արանդան կայացրել է հետևյալ դատավճիռը.

«Դատարանը Ալվարո Ուրիբե Վելեսին դատապարտում է 144 ամսվա ազատազրկման, 2420,5 նվազագույն ամսական աշխատավարձի չափով տուգանքի և 100 ամիս, ինչխես նաև 20 օր ժամկետով պետական պաշտոն զբաղեցնելու արգելքի»:

Ուրիբեն մեղավոր է ճանաչվել քրեական գործով վկաների կաշառման, ինչպես նաև դատավարական նյութերը կեղծելու մեջ: Միաժամանակ, դատարանը նրան արդարացրել է երկու այլ մեղադրանքներից՝ նախկին դատախազ Հիլդա Նինյոյի գործով և վկա Հարլինգտոն Մոսկերայի ցուցմունքով:

Դատավճիռը ի կատար կածվի տնային կալանքի ձևաչափով՝ ըստ Կոլումբիայի քրեական օրենսգրքի 38B հոդվածի։ Դրա համար Ուրիբեն պետք է ներկայացնի չորս նվազագույն աշխատավարձի չափով դրամական երաշխիք և իր ազատազրկման պայմանները կատարելու պարտավորություն ստորագրի։ Դատավճռի կատարումը կհսկվի Ուրիբեի բնակության վայրի՝ Ռիոնեգրոյի, Անտիոքիա դեպարտամենտի քրեակատարողական ծառայության կողմից։ Դատարանը որոշել է նրան անհապաղ տեղափոխել տնային կալանքի։

Ալվարո Ուրիբեն Կոլումբիայի նախագահ է եղել 2002-2010 թվականներին և մնում է երկրի քաղաքականության ամենաազդեցիկ դեմքերից մեկը։ Դատավճիռը կարող է բողոքարկվել։