Մալիի դատարանը ձերբակալել է երկրի նախկին վարչապետ Մուսսա Մարային և մեղադրանք առաջադրել նրա դեմ՝ սոցիալական ցանցերում հրապարակած գրառման կապակցությամբ, որտեղ նա քննադատել է արևմտաաֆրիկյան երկրում ռազմական կառավարման պայմաններում ժողովրդավարական տարածության սահմանափակումը, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով նրա փաստաբանին։

Մարան երկրի այն քիչ հասարակական գործիչներից մեկն է, ով պատրաստ է եղել բացահայտորեն կասկածի տակ դնել այս տարի քաղաքական կուսակցությունները լուծարելու և Ասիմի Գոյտայի գլխավորած ռազմական կառավարությանը հինգ տարվա մանդատ առանց ընտրությունների տալու քայլերը։

Անցյալ ամիս իշխանությունները պաշտոնապես հաստատեցին Գոյտայի հնգամյա պաշտոնավարման ժամկետը և հայտարարեցին, որ այն կարող է երկարաձգվել անհրաժեշտության դեպքում, քանի որ Մալին պայքարում է երկարատև ապստամբությունը հաղթահարելու համար: Գոյտան իշխանության է եկել 2020 և 2021 թվականների ռազմական հեղաշրջումներից հետո:

Այս ամիս Մարային մի քանի անգամ հարցաքննության են կանչել հուլիսի 4-ին սոցիալական ցանցում արված գրառման համար, որում նա իր աջակցությունն է հայտնել կառավարության բանտարկված քննադատներին։

Հուլիսի 21-ին նրա փաստաբան Մաունթագա Թալը X սոցիալական ցանցում գրառում է կատարել, որում հայտնել է, որ Մարային արգելել են ինքնաթիռ բարձրանալ՝ Սենեգալում կայանալիք խաղաղության և անվտանգության հարցերով տարածաշրջանային կոնֆերանսին մասնակցելու համար։

Ուրբաթ օրը Մարային կանչել են կիբեռհանցագործությունների դեմ պայքարի դատական ստորաբաժանում և դատախազը նրան մեղադրանք է առաջադրել այնպիսի հանցագործությունների համար, ինչպիսիք են պետության նկատմամբ վստահությունը խարխլելը և կեղծ տեղեկություններ տարածելը, ասվում է Թալի հայտարարության մեջ։ Մարայի դատական գործընթացը նշանակված է սեպտեմբերի 29-ին, հայտնել է Թալը։