Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը հայտարարել է, որ, ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հնդկաստանը ռուսական նավթ գնելով ֆինանսավորում է Ուկրաինայում տեղի ունեցող հակամարտությունը։

«Նա [Թրամփը] հստակեցրել է, որ Հնդկաստանի համար անընդունելի է այս պատերազմը ֆինանսավորելը՝ Ռուսաստանից նավթ գնելով», - ասել է Միլլերը Fox Business-ին։

Միլլերի խոսքով՝ ամերիկյան վարչակազմը «չի բացառում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու որևէ տարբերակ՝ օգտագործելով դիվանագիտական, ֆինանսական և այլ գործիքներ»։

Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ Հնդկաստանը կդադարի նավթ գնել Ռուսաստանից, որպեսզի առևտրային գործարք կնքի ԱՄՆ-ի հետ։ Ընդ որում՝ նա հստակեցրել է, որ «չգիտի՝ դա ճի՞շտ է, թե՞ ոչ»։

Հնդկաստանը աշխարհում նավթի երրորդ խոշորագույն սպառողն է և ներմուծումից բարձր կախվածություն ունի։ Հնդկաստանի վերամշակման գործարանները նավթ են գնում ավելի քան 30 երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից։