Պեկինի վարչակազմը հայտարարել է ջրհեղեղի սպառնալիքին արձագանքման առաջին (ամենաբարձր) մակարդակի մասին, հայտնել է քաղաքի արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը։

Ինչպես նշված է նրա WeChat էջում՝ տարերքի դեմ առավելագույն հակազդեցության ռեժիմը այժմ տարածվել է ամբողջ Պեկինի վրա: Ժամը 18։00-ից սկսած (Երևանի ժամանակով 14:00) քաղաքում ուժեղ անձրևներ են սպասվում։

Պեկինի օդերևութաբանական կենտրոնն ավելի վաղ տեղեկացրել է առատ անձրևների և դրանց հնարավոր հետևանքների՝ ջրհեղեղների ու սողանքների կապակցությամբ առավելագույն (կարմիր) վտանգի մակարդակ սահմանելու մասին։ Նախազգուշացումը վերաբերում է հինգ շրջաններին՝ Ֆենթայ և Ֆանշան (քաղաքի հարավ), Մենթոուգոու և Շիցզինշան (արևմուտք), ինչպես նաև Հուայժոու (Պեկինի հյուսիս)։ Հնարավոր ջրհեղեղի գոտում է նաև Դասինը (հարավ), որտեղ գտնվում է մայրաքաղաքի երկու միջազգային օդանավակայաններից մեկը։

Սպասվում է, որ օգոստոսի 4-ից 6-ը հորդառատ անձրևներ կտեղան Պեկինում, դրանից արևելք գտնվող Տյանցզին քաղաքում և հարակից Հեբեյ նահանգում։ Օդերևութաբանների կանխատեսումներով՝ օգոստոսի 5-ին հորդառատ անձրևների էպիկենտրոնը կտեղափոխվի դեպի հարավ՝ Հենան և Շանդուն նահանգներ։

Ըստ տեղեկությունների՝ Չինաստանի մայրաքաղաքի հարավային և հարավարևմտյան մասերում առաջիկա ժամերին կարող են տեղալ մինչև 150-200 մմ տեղումներ և նույնիսկ ավելին։ Իշխանությունները խորհուրդ են տալիս բնակիչներին չլքել իրենց տարածքները, եթե դա բացարձակ անհրաժեշտություն չէ, իսկ ընկերություններին թույլ տալ աշխատակիցներին չգնալ աշխատանքի։

Բացի այդ, ժամանակավորապես արգելվում է այցելել ջրամբարներին մոտ գտնվող այգիներ և տեսարժան վայրեր։ Ցածրադիր վայրերում ապրող բնակչության համար տարհանում է նախատեսված։ Դադարեցվում է առաջին հարկի մակարդակից ցածր գտնվող խանութների և շուկաների, ինչպես նաև շինհրապարակների գործունեությունը։