«Times Now» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հնդկաստանի հասցեին ուղղված սպառնալիքները, որոնք վերաբերում են ռուսական ապրանքների հետ առևտրի համար հնդկական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի բարձրացմանը, չեն հանգեցնի ռուս-հնդկական հարաբերությունների սառեցման։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ պետք է այցելի Մոսկվա՝ Վաշինգտոնի կողմից աճող ճնշման պայմաններում երկկողմ կապերը ամրապնդելու համար։ Դովալի այցին կհաջորդի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի այցը Մոսկվա, որը տեղի կունենա օգոստոսի վերջին։
Դովալի այցը, ինչպես սպասվում է, պարզաբանումներ կտա այն մասին, թե ինչպես է Նյու Դելին պլանավորում կողմնորոշվել գլոբալ մատակարարման տեղաշարժերի և ռազմավարական վերադասավորումների հետևանքով առաջացած մարտահրավերներով լի էներգետիկ և տնտեսական միջավայրում։
Բարձր մակարդակի հանդիպումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Թրամփը անցյալ շաբաթ Հնդկաստանն ու Ռուսաստանը անվանել է «մեռած տնտեսություններ» և հայտարարել է հնդկական ապրանքների վրա 25 տոկոս մաքսատուրքերի սահմանման մասին, ինչպես նաև սպառնացել է պատժամիջոցներ կիրառել այն երկրների նկատմամբ, որոնք պահպանում են ռազմավարական առևտրային կապեր Մոսկվայի հետ։
Հնդկաստանի իշխանությունները դեռևս մտադրություն չեն ցուցաբերել Ռուսաստանից նավթի ներմուծումը կրճատելու վերաբերյալ՝ չնայած Թրամփի կողմից աճող ճնշմանը։ «Մենք կգործենք հնդիկ սպառողների շահերից ելնելով և կընտրենք առավել տնտեսապես շահավետ տարբերակը։ Եթե ռուսական նավթը շարունակի մատչելի լինել, քան այլ աղբյուրները, ապա մեր քաղաքացիներին պատժելու պատճառ չկա», - «The Times of India» հրատարակությանը հայտարարել է կառավարության բարձրաստիճան պաշտոնյան։





























