Երեքշաբթի՝ օգոստոսի 5-ին, 96 տարեկան հասակում մահացել է Ռումինիայի նախկին նախագահ Իոն Իլիեսկուն։ Նա վախճանվել է Բուխարեստի հիվանդանոցներից մեկում, որտեղ այս տարվա հունիսից բուժում էր ստանում թոքերի քաղցկեղից։ Ինչպես հայտնել են «Դոկտոր պրոֆեսոր Ագրիպա Իոնեսկու» բժշկական հաստատությունում, մահը վրա է հասել 15:55-ին։ Վերջին մի քանի օրերին նախկին նախագահի վիճակը կտրուկ վատթարացել է։
Կլինիկան, որտեղ պառկած էր Իլիեսկուն, Ռումինիայի ներքին հետախուզության ծառայության վերահսկողության տակ է և բժշկական օգնություն է ցուցաբերում բարձրաստիճան անձանց։
Իոն Իլիեսկուն նախագահ է ընտրվել երեք անգամ՝ 1989–1992, 1992–1996 և 2000–2004 թվականներին։ Վերջին տարիներին նա մեկուսի ապրելակերպ էր վարում և հազվադեպ էր հայտնվում հանրության առջև։ Նրա վերջին հրապարակային հայտարարությունը եղել է նախագահական ընտրություններից հետո բլոգում, երբ նա Նիկուշոր Դանին շնորհավորել է հաղթանակի կապակցությամբ։
Իլիեսկուն նաև ներգրավված է եղել 1990 թվականի հունիսի իրադարձությունների գործում, երբ երկրի իշխանությունները ցրեցին Բուխարեստում անցկացված՝ բանակի, ոստիկանության և հանքագործների մասնակցությամբ հակակառավարական ցույցը: Այս իրադարձությունների արդյունքում, ըստ դատախազության, սպանվել է չորս մարդ, երկուսը բռնաբարվել են, հարյուրավորները վիրավորվել են, իսկ ավելի քան 1200 մարդ ձերբակալվել է քաղաքական դրդապատճառներով: 2024 թվականի ապրիլին նախկին նախագահը մեղադրվեց մարդկայնության դեմ հանցագործությունների մեջ:





























