Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը Մհեր Ենոքյանի վերաբերյալ։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են դատավոր Վաչե Մարգարյանի գրասենյակից, որի նախագահությամբ տեղի է ունեցել Ենոքյանի մեղքով սպանված Իոսիֆ Աղաջանովի ընտանիքի վերաքննիչ բողոքի քննարկումը։

Քննարկումը տեղի է ունեցել գրավոր։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, հունիսի 18-ին առաջին ատյանի դատարանը որոշել է բավարարել Ենոքյանի վերաքննիչ բողոքը և նրան պայմանական վաղաժամկետ ազատ արձակել։

1996 թվականի հուլիսին հայ հասարակությունը ցնցված էր բժշկական ինստիտուտի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի սարսափելի սպանությունից։ 1996 թվականի վերջին դատարանի որոշմամբ սպանվածի համակուրսեցի Մհեր Ենոքյանը և նրա ընկեր Արամ Հարությունյանը մեղավոր են ճանաչվել և դատապարտվելն. Հարությունյանը՝ 15 տարվա ազատազրկման, իսկ Ենոքյանը՝ մահվան՝ որպես սպանության կազմակերպիչ։ Ըստ գործի նյութերի՝ հանցակիցները մանրակրկիտ նախապատրաստվել են սպանությանը, հանցագործությունը կատարելուց հետո թաքցրել են դիակը և պլանավորել են սպանվածի ծնողներից պահանջել 20 հազար դոլար։

Մահապատժի նկատմամբ մորատորիում հայտարարելուց հետո Ենոքյանի պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։ Ի տարբերություն 15 տարվա ազատազրկման դատապարտված Արամ Հարությունյանի, Ենոքյանը չի ընդունել իր մեղքը և չի զղջացել դրա համար ո՛չ դատավարության ընթացքում, ո՛չ էլ դրանից հետո։ Նա երկու անգամ փախել է բանտից (2004 և 2009 թվականներին)։ ՀՀ-ում իշխանափոխությունից հետո Ենոքյանն ակտիվորեն դիմել է պայմանական վաղաժամկետ ազատման համար և տեղափոխվել ազատ ռեժիմի քրեակատարողական հիմնարկ։ Դա մեծապես տեղի է ունեցել Պետական վերահսկողության ծառայության մամուլի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող նրա կնոջ ջանքերի շնորհիվ: