Հայաստանը դիտարկում է հնդկական «BrahMos» հրթիռներով հագեցած Су-30МКИ կործանիչներն օգտագործելու հնարավորությունը՝ Ադրբեջանին հակազդելու համար, գրում է հնդկական EurAsian Times պարբերականը։
Հնդկաստանի և Պակիստանի միջև վերջերս տեղի ունեցած պատերազմում չինական նորագույն ինքնաթիռները մարտնչել են ռուսական և ֆրանսիական կործանիչների դեմ։ Մինչդեռ J-10C-ի և Rafale-ի միջև լայնորեն լուսաբանված բախումը ուշադրության կենտրոնում էր, ոչ պակաս հետաքրքիր էր JF-17 Thunder-ի և ռուսական Су-30-ի զգալիորեն արդիականացված հնդկական տարբերակ Су-30МКИ-ի միջև մարտերը։
Այժմ, կարծես թե, երկու կործանիչները կարող են բախվել մեկ այլ անկայուն աշխարհաքաղաքական թեժ կետում, այս անգամ՝ Կովկասում։
Պակիստանը վերջերս 4,6 միլիարդ դոլարի պաշտպանական պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ՝ 40 միավոր JF-17 Thunder կործանիչների մատակարարման, ինչպես նաև ուղեկցող 2 միլիարդ դոլարի ներդրումային փաթեթի շուրջ։ Սկզբում Ադրբեջանը Պակիստանից պատվիրել էր 16 միավոր JF-17, բայց նոր պայմանագիրը այդ թիվը ընդլայնում է, հասցնելով 40 ինքնաթիռի։
Հատկանշական է, որ Ադրբեջանը ներքաշված է Հայաստանի հետ երկարատև հակամարտության մեջ, ինչպես Հնդկաստանի և Պակիստանի միջև։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ, քանի որ երկու երկրներն էլ ներգրավված են սպառազինությունների մրցավազքի մեջ։
Բացի դրանից, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը՝ Ադրբեջանը Հայաստանի Սյունիքի մարզի միջոցով Նախիջևանի էքսկլավի հետ կապող առաջարկվող երթուղին, մնում է չլուծված։
Ավելի վաղ հնդկական Jetline Marvel-ը https://news.am/arm/news/891276.html գրել էր, որ Հայաստանը դիտարկում է Հնդկաստանից Су-30МКИ կործանիչներ գնելու հնարավորությունը։




























