Թուրքական դատական համակարգի նկատմամբ տածած ողջ հարգանքով հանդերձ` բոլորը տեսան, թե ինչպիսի արձագանք հաջորդեց Հրանտ Դինքի գործով կայացված դատավճռին. հասարակայնության ճիչը պետք է ուշադրության արժանանա: Այս մասին «Hurriyet Daily News»-ում գրել է թուրք հայտնի լրագրող եւ վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդը:
«Դատարանը չընդունեց, որ այս սպանությունը ծրագրվել եւ իրականացվել է խմբի կողմից: Թվում է, երկու երեխա թղթախաղի ժամանակ մեկը մյուսին ասել է. «Արի գնանք Ստամբուլ եւ սպանենք այդ հային»: Նրանք թափառել են խմբագրատան մոտ, եւ հենց հանդիպել են Դիքնին, մեկը սեղմել է ձգանը: Դատարանի այս վճռից եփած հավի ծիծաղն էլ կգա»,- գրում է Բիրանդը:
«Ինչ կարելի է ասել, երբ դատական համակարգը, որը մարդկանց ձերբակալում է ինչ-որ պաստառների համար կամ երեք բողոքողներից կազմված խմբին համարում ահաբեկիչներ, հանկարծ որոշում է, որ Դինքի սպանությունը ծրագրված չի եղել:
Պետությունը պետք է սկսի գործել: Պետք է սկսի հետաքննությունն այն պետծառայողների նկատմամբ, ովքեր քողարկել են հանցագործներին եւ չեն կատարել իրենց պարտավորությունները: Դինքի գործը չհետաքննված չպետք է մնա: Հրանտը դրան արժանի չէր:
Թե՞ մենք կարծում ենք, որ նա նման վերաբերմունքի արժանի է, քանի որ հայ է»,- եզրափակում է Բիրանդը:




























