Չինաստանի Գանսու նահանգում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով առնվազն 10 մարդ զոհվել է, 33-ը՝ անհետ կորած, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Դեպքը տեղի է ունեցել նահանգի մայրաքաղաք Լանչժոուի հարավում։ Երկարատև անձրևներից հետո մոտակա լեռներից ջրի հսկայական զանգվածներ են իջել։

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հրամայել է ձեռնարկել բոլոր ջանքերը՝ անհետ կորած անձանց որոնելու և փրկելու, վտանգի տակ գտնվող քաղաքացիներին տարհանելու, զոհերի նվազագույնի հասցնելու և տարածաշրջանում կապի և տրանսպորտի արագ վերականգնման համար։

Քաղաքում սկսվել է որոնողական-փրկարարական գործողություն։

Չինաստանի շատ շրջաններում ամառային սեզոնը ուղեկցվում է ուժեղ անձրևներով, ջրհեղեղներով, սելավային հոսանքներով և սողանքներով։ Հուլիսի վերջին Պեկինի արվարձաններում ուժեղ անձրևների զոհ է դարձել 44 մարդ, իսկ 9 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։