Ավտոմեքենաների գազաբալոնների պայթյուններից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հատկապես ամառվա շոգ եղանականին դրանք լիցքավորել առավոտյան կամ ուշ երեկոյան ժամերին։
Ավտոմեքենաների տեխնիկական անվտանգության փորձագետ Սերգեյ Սարադյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ վերջին շրջանում ավտոմեքենաներում հեղուկ գազի բալոնների պայթյունների հիմնական պատճառը շոգն է։
«Բացի այդ՝ հեղուկ գազի բալոնների մեջ պապլովոկներ են լինում, դրանք ոչ մի դեպքում հանել պետք չէ։ Այն թույլ չի տալիս, որ գազաբալոնը 80 տոկոսից ավելի լցվի։ Մեզ մոտ հաճախ պապլովոկները հանում են, որ շատ գազ լցվի։ Օրինակ՝ 53 լիտրանոց բալոնի մեջ հենց 53 լիտր լցվի։ Այս շոգին էլ գազն ընդարձակվում է, դրա համար պայթում է։ Մեծ մասամբ դա է պատճառը»,– ասաց Սարադյանը։
Ըստ փորձագետի՝ գազալցակայաններում օրենքով պետք է պահանջեն գազաբալոնի ստուգման թերթիկը, սակայն ոչ բոլոր տեղերում է դա պահվում։
«Հեղուկ գազի բալոնի պիտանելիությունը 10 տարի է, օդ գազի բալոնինը՝ 15 տարի։ Հիմա հիմնականում մեծ մասը հեղուկ գազ են օգտագործում։ Ինչ այս նոր օրենքը 2022 թվականից մտել է ուժի մեջ, պարտադիր բոլորը ստուգվում են։ Մնում է գազալցակայանները թուղթը պահանջեն։ Օրենքով այդպես է, պետք է թուղթ ունենան, նոր լիցքավորեն, բայց քչերն են այդ թղթի ստուգումն անում։ Փորձաքննությունը պետք է 2 տարին մեկ իրականացվի։ Հիմա առանց այդ ստուգման տեխզննում չեն կարող անցնել, պետք է սերտիֆիկացումն անցնի»։
Քանի որ հեղուկ գազի դեպքում ճնշում չկա, պայթյունը կամ գրանցվում է պապլովոկների բացակայության պատճառով, կամ անսարք բալոնից արտահոսք է լինում, հրդեհ բռնկվում կայծի առկայության պարագայում՝ նշում է փորձագետն ու վարորդներին խորհուրդ տալիս հետեւել անվտանգության կանոններին։ Ինչ վերաբերում է օդ գազին, պատահարները հիմնականում գրանցվում են բալոնները հաճախակի բարձր ճնշմամբ լիցքավորելու պատճառով։
«Օդ գազի բեպքում բալոնի վրա գրված է առավելագույնը 200 բար ճնշման թույլտվություն։ Իսկ մեր ցանկացած գազալցակայան 250 լցնում են։ Մենք իրավունք ունենք 2 տարին մեկ 300 ճնշում տանք, որ այդ բալոնը փորձարկենք, իսկ հատկապես Սևանի կողմերը մոտ 300 ճնշում են տալիս, այսինքն ամեն անգամ կարելի է ասել բալոն են փորձակում։ Եթե պահեն 200–ի սահմանը, կյանքում պայթյունի դեպք չենք ունենա»,- եզրափակեց փորձագետը։





























