Ազատի կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհից ընդամենը երկու ամիս առաջ նույն զորամասի կացարանում ևս մեկ հրդեհ է տեղի ունեցել՝ կրկին վառարան վառելու հետևանքով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, Ազատի զորամասում հրեհից զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստի ընթացքում ասաց գործով վկա Սերոբ Ասատրյանը։
«Տարոնը վառարանը վառելու ժամանակ սալյարկան պատահաբար թափել էր։ Մեծ հրդեհ չի եղել, վառարանն է բռնկվել, հանգցրել են այդ պահին։ Դիրքեր բարձրանալու ժամանակ ինձ ասաց Տարոնը՝ ինչ էր եղել։ Անձնակազմին ասել եմ, որ տենց բան չլցնեն էլ»,–ասաց Սերոբ Ասատրյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սեւանի նստավայրում տեղի է ունեցել Ազատի զորամասում հրեհից զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստը։ Հարցաքննվում է գործով վկա Շիրազ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։
Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։





























