Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից համատեղ հռչակագրի ստորագրումը և նշել, որ Բեռլինը պատրաստ է աջակցելու Երևանին և Բաքվին երկարատև խաղաղության ճանապարհին։

«Այսօր Հայաստանը և Ադրբեջանը նոր գլուխ են բացում իրենց պատմության մեջ։ Այն փաստը, որ երկու երկրներն էլ Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության պայմանագիր ԱՄՆ նախագահ [Դոնալդ] Թրամփի նախաձեռնությամբ, հույսի աղբյուր է Հայաստանի և Ադրբեջանի շատ մարդկանց համար, ովքեր հիշում են հակամարտության, տեղահանության և տառապանքների երկար պատմությունը, - լրագրողներին ասել է Վադեֆուլը։ -Այսօրը ցույց է տալիս երկու կառավարությունների պատրաստակամությունը՝ լուծելու դժվար հարցերը բանակցությունների միջոցով և գնալու դժվար փոխզիջումների»,- հավելել է նա։

Գերմանիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Գերմանիան, իր գործընկերների հետ միասին, արդեն որոշ ժամանակ է, ինչ ակտիվորեն աջակցում է հակամարտության կարգավորմանը դիվանագիտական միջոցներով։

«Մի քանի տարի շարունակ մենք խթանել ենք երկու երկրների միջև վստահության ամրապնդման միջոցառումները՝ տրամադրելով 27,5 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն և քաղաքացիական անձնակազմ տեղակայելով Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանում ԵՄ առաքելության համար, - ասել է Վադեֆուլը։ -Այժմ չափազանց կարևոր է, որ խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ ստորագրվի և վավերացվի երկու կառավարությունների կողմից։ Գերմանիան շարունակում է պատրաստ լինել աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ երկարատև խաղաղության հասնելու նրանց ճանապարհին»,- եզրափակել է նախարարը։