Իրանի Իսլամական Հանրապետությունն ուշի-ուշով հետևում է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և կապի մեջ է երկու հարևան երկրների՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հետ՝ այդ զարգացումների վերաբերյալ։ Դրա մասին ասված է Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Անկասկած, Կովկասյան տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը բխում են տարածաշրջանի բոլոր երկրների շահերից։ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ողջունելով երկու երկրների կողմից խաղաղության համաձայնագրի տեքստի ավարտը, այդ իրադարձությունը գնահատում է որպես տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու կարևոր քայլ։
Միևնույն ժամանակ, մտահոգություն է հայտնվում ցանկացած տեսակի արտաքին միջամտության բացասական հետևանքների վերաբերյալ, ցանկացած ձևով և ցանկացած միջոցով, հատկապես ընդհանուր սահմանների մոտ, որը կարող է խաթարել տարածաշրջանի անվտանգությունն ու հաստատուն կայունությունը։
Իրանի Իսլամական Հանրապետությունն, ընդգծելով իր ազգային իրավունքներն ու շահերը ապահովելու համար բոլոր քաղաքական, իրավական և տնտեսական միջոցները ձեռնարկելու անհրաժեշտությունը, կարծում է, որ տրանսպորտային ուղիների ստեղծումը և կապի ցանցերի շրջափակումների վերացումը կծառայեն տարածաշրջանի ժողովուրդների կայունությանը, անվտանգությանը և տնտեսական զարգացմանը միայն այն դեպքում, եթե դա տեղի ունենա փոխադարձ շահերի շրջանակում՝ հարգելով տարածաշրջանի երկրների ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և առանց արտաքին միջամտության։
Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է շարունակել փոխադարձ շահերի վրա հիմնված կառուցողական համագործակցությունը երկու երկրների՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հետ՝ երկկողմ և տարածաշրջանային փոխգործակցության միջոցով տարածաշրջանում խաղաղությունը, կայունությունը և տնտեսական զարգացումը պաշտպանելու համար, ներառյալ՝ «3+3»-ի մեխանիզմը»,- ասված է հայտարարության մեջ։





























