Դպրոցական հալածանքների ենթարկված դեռահասներն իսկապես ավելի հաճախ են բախվում օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման (ՕԿԽ) հասուն տարիքում։ Սակայն, ինչպես ցույց է տվել շվեդ գիտնականների նոր հետազոտությունը, դրա պատճառը կարող է լինել ոչ թե հենց հալածանքը, այլ գեները։ Հետազոտությունը հրապարակվել է Molecular Psychiatry ամսագրում։
Կարոլինսկայի համալսարանի հետազոտողները վերլուծել են 1993-2006 թվականներին Շվեդիայում ծնված 16 հազար երկվորյակների տվյալները։ Բոլոր մասնակիցները 15 տարեկանում լրացրել են հարցաթերթիկ, որը գնահատում է հալածանքի ենթարկվելու փորձը, իսկ այնուհետև երկու անգամ՝ 18 և 24 տարեկանում, լրացրել են ՕԿԽ-ի ախտանշանները գնահատող սանդղակներ։ Հեղինակները նաև օգտագործել են հիվանդների ազգային ռեգիստրը՝ պաշտոնական ախտորոշումներին հետևելու համար։
Պարզվել է, որ մինչև 24 տարեկանը մասնակիցների մոտ 0,9%-ի մոտ ախտորոշվել է ՕԿԽ։ Նրանց շրջանում 15 տարեկանում բուլինգի ենթարկված լինելու մասին նշվել է գրեթե երեք անգամ ավելի հաճախ, քան առողջ հասակակիցների մոտ։ Սակայն ավելի խորը վերլուծության արդյունքում պարզվել է, որ այս հարաբերակցությունը պահպանվում է միայն դիզիգոտ (տարբեր ձվաբջիջներից) երկվորյակների մոտ, իսկ մոնոզիգոտ (միևնույն ձվաբջջից) երկվորյակների մոտ, որոնց գեներն ամբողջությամբ համընկնում են, բուլինգի և ՕԿԽ-ի միջև կապն անհետանում է։
Սա նշանակում է, որ հալածանքի ենթարկվածների մոտ ՕԿԽ-ի զարգացման բարձր ռիսկը կարող է պայմանավորված լինել ոչ այնքան բուն բուլինգի փորձով, որքան հոգեկանի բնածին առանձնահատկություններով։ Այլ կերպ ասած՝ միևնույն գենետիկական գործոնները կարող են միաժամանակ բարձրացնել ինչպես հալածանքի զոհ դառնալու, այնպես էլ օբսեսիվ ախտանիշների զարգացման հավանականությունը։
Հեղինակներն ընդգծում են, որ բուլինգի փորձը, միևնույն է, կարող է տրավմատիկ լինել հոգեկանի համար և պահանջում է ծնողների, մանկավարժների և մասնագետների ուշադրությունը։ Սակայն ՕԿԽ-ի զարգացման տեսանկյունից դրա դերը, ինչպես ցույց է տվել հետազոտությունը, չարժե գերագնահատել։