Հայաստանի քաղաքական ուժերն ակտիվորեն պատրաստվում են մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին` քննարկելով թե’ համամասնական, թե’ մեծամասնական ընտրակարգերով թեկնածուներ առաջադրելու հարցը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ ներկայումս մասնակցության ձեւաչափի շուրջ շատ ակտիվ քննարկումներ են ընթանում, նաեւ այն քաղաքական ուժերի հետ, որոնց հետ իրենք պատկերացնում են միասնական ցուցակով հանդես գալու հնարավորությունը: «Մենք որպես քաղաքական ուժ կարծում ենք, որ ընդդիմությունը պետք է բաց չթողնի իր շանսերը եւ փորձի մեծամասնական ընտրատարածքներում հնարավորինս լայն շրջանակով ներկայացված լինել: Շատ ցանկալի ենք համարում ու այդ առաջարկը կանենք ընդդիմադիր ուժերին, թե քանի որ ընդդիմության ռեսուրսները` ֆինանսական եւ այլ, սահմանափակ են, բոլոր ընտրատարածքներում միասնական թեկնածուներ առաջադրել»,- նշեց Խաչատուր Քոքոբելյանը: Վերջինիս խոսքով, դա կարեւոր է թե ընտրությունները վերահսկելու, թե խորհրդարանում ավելի լայն ներկայացված լինելու համար:

Ազատ դեմոկրատների նախագահը հայտնեց, որ կուսակցությունն անպայման թեկնածուներ կառաջադրի մեծամասնական ընտրակարգով թե’ Երեւանում, թե’ մարզերում:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հայտնեց, որ կուսակցությունը դեռ չի քննարկել մասնակցելու ռազմավարության եւ մնացած հարցերը, եւ դա պատրաստվում է անել առաջիկա համագումարում: Սաֆարյանը ոչ հաստատեց, ոչ էլ բացառեց մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ առաջադրելու հնարավորությունը: « Բացի ներքին վերլուծություններից հարցը դեռ չի քննարկվել եւ չկա դրա վերաբերյալ կուսակցության դիրքորոշումը»,- նշեց Սաֆարյանը:

Հայ հեղափոխական դաշնակցությունը ներկայումս իր ուժերը կենտրոնացրել է մեծամասնական ընտրակարգի վերացման ու 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի ընդունման վրա: ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը նշեց, որ կուսակցությունը լրատվամիջոցներին տեղյակ կպահի, հենց ինչ-որ որոշման հանգի: Հարցին, թե 100 տոկոսանոց ընտրակարգի չհասնելու դեպքում կառաջադրի՞ արդյոք թեկնածուներ մեծամասնական ընտրակարգով, Սպարտակ Սեյրանյանը պատասխանեց, որ այդ ժամանակ էլ կանդրադառնան մեծամասնականի հարցին:

Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը չբացառեց թե մեծամասնական ընտրակարգով, թե համամասնականով առաջադրվելու հնարավորությունը: Ընդ որում, ՄԱԿ-ը կարող է ընտրություններին մասնակցել «Բարգավաճ Հայաստանի» համամասնական ցուցակով: «Վերջնական որոշում կայացված չէ, այն կլինի փետրվարի երկրորդ կեսին»,- նշեց Արսենյանը: Վերջինս չբացառեց, որ մեծամասնականով առաջադրվեն կուսակցության այլ անդամներ եւս. «Դա կախված է անդամների եւ տարածքային կառույցների որոշումից, մենք քննարկում ենք այդ հնարավորությունը»:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի խոսքով, «Օրինաց երկիրն» այժմ ակտիվ քննարկումների փուլում է: Բիշարյանը բացառեց մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ չառաջադրելու հնարավորությունը: «ՕԵԿ-ը մշտապես ունեցել է թեկնածուներ մեծամասնական ընտրակարգով, այս անգամ եւս կառաջադրի»,- նշեց նա:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտադիր է թեկնածուներ առաջադրել բոլոր 41 ընտրատարածքներում: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ տարածքային կառույցների հետ քննարկվում է մեծամասնական բոլոր ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրելու հարցը: «Այս պահին ընթանում են քննարկումները: Թե կոնկրետ քանի՞ ընտրատարածքում թեկնածու կառաջադրվի, 35, 38, թե՞ բոլոր 41-ում, պարզ կլինի առաջիկայում»,- նշեց պատգամավորը:

Բոլոր ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրելու մտադրություն ունի նաեւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը: ՀԱԿ-ի ներկայացուցիչ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հավաստմամբ, իրենք փորձելու են «բոլոր ընտրատարածքներում ունենալ թեկնածուներ, հաղթող թեկնածուներ»: Դիտարկմանը, թե գործող իշխանությունները մեծամասնական ընտրակարգով առաջադրում է տեղական հեղինակությունների եւ օլիգարխների, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց, որ «պետք է փորձեն դիմակայել այդ ամեն ինչին»: «Ներկայումս քննարկումներ են ընթանում նաեւ մեծամասնականով առաջադրվելու շուրջ, եւ քննարկումները սկսվել են եւ դեռ չեն ավարտվել»,- հավելեց Սարգսյանը: