Օգոստոսի 11-ի գիշերը Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Ռուսաստանի մի քանի շրջանների, այդ թվում՝ Մոսկվային։ Այդ հարձակումներից մեկը թիրախավորել է Նիժնի Նովգորոդի մարզի «երկու արդյունաբերական գոտիների» տարածքը, հայտնել է մարզի նահանգապետ Գլեբ Նիկիտինը։ Նրա խոսքով՝ հարձակումների թիրախը եղել են արդյունաբերական ձեռնարկությունները (դրանց անունները չեն նշվում)։ «Ցավոք, Արզամասի շրջանում հարձակումը հետ մղելիս զոհերից և վնասվածքներից խուսափել չի հաջողվել։ Տեղում մի աշխատակից է զոհվել, իսկ երկու տուժածներ տեղափոխվել են հիվանդանոց»,- հայտնել է մարզի ղեկավարը՝ հավելելով, որ ձեռնարկությունը վնասներ չի ստացել։

Համաձայն ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային ալիքի տվյալների՝ Ուկրաինայի զինված ուժերի հարվածը հասցվել է «Պ. Ի. Պլանդինի անվան Արզամասի սարքաշինական գործարան» ԲԸ-ին (ԱՍԳ), որը գտնվում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ուկրաինայի և Նոր Զելանդիայի պատժամիջոցների ներքո։ Այն համարվում է որպես Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի առաջատար ձեռնարկություն և պետական պաշտպանական պատվերի շրջանակներում սարքեր է արտադրում ավիացիոն և տիեզերական ոլորտների համար։ Գործարանը մտնում է «Մարտավարական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի կազմի մեջ՝ մասնավորապես, մշակում և արտադրում է գիրոսկոպիկ տեխնիկա, կառավարման համակարգեր, ինքնաթիռային էլեկտրոնային հաշվողական մեքենաներ, ղեկային շարժաբերներ և այլն։ Արզամասի բնակիչները Shot-ին պատմել են, որ առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում քաղաքի արևելյան հատվածում մինչև յոթ պայթյուն է լսվել։ Ալիքի տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերը հարձակման համար օգտագործել են FP-1 տիպի անօդաչու թռչող սարքեր։

Բացի այդ, առավոտյան ժամը 05:10-ի սահմաններում պայթյունների մասին հայտնել են Ձերժինսկի և Նիժնի Նովգորոդի մոտակայքում գտնվող Պետրյաևկա գյուղի բնակիչները։ «Ռոսավիացիան» հայտնել է Նիժնի Նովգորոդի օդանավակայանի փակման մասին։ Այդ սահմանափակումները տևել են առավոտյան 04։30-ից մինչև 08։00-ը։

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով օգոստոսի 10-ի երեկոյան Տուլայում «քաղաքացիական ձեռնարկություններից մեկում» երկու մարդ է մահացել, երեքը՝ վիրավորվել, հայտնել է մարզպետ Դմիտրի Միլյաևը։ Նրա խոսքով՝ երեկոյան և գիշերը հակաօդային պաշտպանության ուժերը մարզի երկնքում խոցել են ընդհանուր առմամբ 12 անօդաչու սարք։ Միլյաևը հարձակման մանրամասներ չի հաղորդել։ Mash-ը հայտնել է Տուլայի արվարձանում անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին, որի հետևանքով հակաօդային պաշտպանության համակարգերի կրակոցներ են սկսվել կիրակի օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում։ Մարդիկ պայթյուններ են լսել նաև Ալեքսինի, Շչյոկինոյի և Յուժնոյե Սկուրատովո ավանի վրա։

Պաշտպանության նախարարության ամփոփագրերի համաձայն՝ օգոստոսի 10-ի ժամը 20:00-ից մինչև օգոստոսի 11-ի առավոտ ՌԴ տարածքում ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով խոցվել և որսվել է Ուկրաինայի ԶՈւ-ին պատկանող 66 անօդաչու թռչող սարք։ Դրանցից 12-ը խոցվել են Տուլայի մարզում, իսկ երկուսը՝ Նիժնի Նովգորոդի մարզում։ Գերատեսչությունը նաև հայտնել է Մոսկվայի շրջանում երեք ԱԹՍ-ի ոչնչացման մասին։ Նմանատիպ տեղեկատվություն է ներկայացրել նաև մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։