Երեքշաբթի օրը նավթի գները բարձրացել են՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը և Չինաստանը երկարաձգել են առևտրային «զինադադարը»։
Դա մեղմացնում է այն մտավախությունները, որ առևտրային վեճի սրումը կթուլացնի երկու երկրների տնտեսությունները և կհանգեցնի նավթի պահանջարկի նվազմանը։
Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել չինական ապրանքների վրա մաքսատուրքերի սահմանումը ևս 90 օրով հետաձգելու մասին՝ մինչև 2025 թվականի նոյեմբերի 10-ը: Նախորդ 90-օրյա հետաձգումը պետք է լրանար երեքշաբթի օրը:
Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում մեկ բարելի համար կազմում է 66,96 դոլար, ինչը 0,33 դոլարով (0,5%) բարձր է, քան նախորդ առևտրային օրվա փակման ժամանակ։ Երկուշաբթի օրը այդ պայմանագրերի գինն աճել է 0,04 դոլարով (0,06%)՝ մեկ բարելի համար հասնելով 66,63 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 0,26 դոլարով (0,41%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 64,22 դոլարի։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով՝ այդ պայմանագրերի արժեքն աճել է 0,08 դոլարով (0,13%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 63,96 դոլարի։




























