«Ես չեմ կարծում, որ Դաշնակցության ներկայացուցիչները չգիտեն, որ արտաքին քաղաքականության մենաշնորհը պատկանում է նախագահին, և արտգործնախարարը ընդամենը գործադիր է։ Եվ կարծում եմ՝ Էդվարդ Նալբանդյանը վատ չի կատարում իրեն հանձնարարվածը»,- այսօր նման տեսակետ է հայտնել «Ակունք» վերլուծությունների կենտրոնի ղեկավար եւ նախկին դաշնակցական Ռուբեն Հակոբյանը, մեկնաբանելով ՀՅԴ կողմից ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջը: «Այլ հարց է, որ գուցե սա մարտավարական քայլ է, որ այս պահին պահանջեն արտգործնախարարի հրաժարականը, ու լավ նախադրյալ է, որպեսզի դրանով նախազգուշացնեն նախագահին, ու հաջորդ քայլն արդեն լինի նախագահի հրաժարականի պահանջը»,-նշել է նախկին դաշնակցականը։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները պայմանավորվածություն են ձեռք բերվել, զոհաբերել Է. Նալբանդյանին, պարզապես բանակցություններում ժամանակ ձգելու համար եւ վաղվա ՀՅԴ ցույցը հենց դրա շրջանակնելում է, Ռ. Հակոբյանը պատասխանեց. «Ես ոչինչ չեմ բացառում, բայց մի բան կարող եմ ասել, որ, ցավոք սրտի, սա այն հարցն է, որտեղ քաղաքական ուժերն և իշխանությունները պետք է իրար հետ պայմանավորված լինեն, և եթե որոշ խաղեր են պահանջվում, որպեսզի արվի, պետք է դա արվի։ Քաղաքական ուժերի խնդիրը՝ լինի դիմադիր, թե ընդդիմադիր, այն է, որպեսզի նպաստեն պետական, ազգային խնդիրների լուծմանը։ Այսօր ցավոք, դա բացակայում է: Քաղաքական սպեկտրը չի մասնակցում ազգի համար կարեւոր այս հարցին»:



















