Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Անկարայում անցկացված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ձեռնարկած քայլերը՝ ուղղված երկարատև խաղաղության հաստատմանը, որը պետք է նպաստի տարածաշրջանի խաղաղության և կայունության առաջխաղացմանը, հաղորդում է Грузия Online-ը։
Նա նշել է, որ Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղ համակեցության բանաձևին և միշտ արտահայտում է իր պատրաստակամությունը նպաստելու տարածաշրջանում խաղաղության և կառուցողական համագործակցության խթանման գործընթացին։
«Հանդիպման ժամանակ մենք խոսեցինք Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և այդ մարտահրավերները հաղթահարելու մեր համատեղ ջանքերի մասին։ Մենք բազմիցս հայտարարել ենք, և ես կցանկանայի ընդգծել, որ Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղ համակեցության բանաձևին և միշտ արտահայտում է իր պատրաստակամությունը նպաստելու տարածաշրջանում խաղաղության և կառուցողական համագործակցության խթանման գործընթացին։
Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի ձեռնարկած քայլերը՝ ուղղված երկարատև խաղաղության հաստատմանը, որը պետք է նպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը»,- նշել է Միխեիլ Կավելաշվիլին։
Քաղաքական գործիչը շեշտել է Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ ձևաչափի կարևորությունը՝ նշելով, որ աշխարհաքաղաքական իրականությունը հաշվի առնելով՝ տարածաշրջանային համագործակցությունն ավելի կարևոր է դարձել և ուղղված է խաղաղության և կայունության խթանմանը, ինչպես նաև երեք երկրների զարգացմանը։
«Այդ առումով Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ ձևաչափը շատ լավ օրինակ է, թե ինչպես կարող են արդյունավետ և հաջողությամբ համագործակցել այն երկրները, որոնք հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և պատրաստ են իրականացնել տարածաշրջանի համար ամենակարևոր նախագծերը»,- ընդգծել է նա։
Կավելաշվիլին նշել է, որ անվտանգության մարտահրավերների համատեքստում ուշադրություն է դարձվել ռուս-ուկրաինական հակամարտությանը։
«Անվտանգության մարտահրավերների համատեքստում մենք խոսեցինք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության լայնածավալ ագրեսիայի, Սև ծովի ավազանում անվտանգության կարևորության և Թուրքիայի անխոնջ ջանքերի մասին՝ հակամարտող կողմերի միջև երկխոսության հնարավորությունը հեշտացնելու համար»,- նշել է Վրաստանի վեցերորդ նախագահը։
Կավելաշվիլին հավելել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացները, որտեղ նշվել է, որ Վրաստանն աջակցում է Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու անհրաժեշտության գաղափարին։





























