Թուրքիան ամենեւին չի թաքցնում, որ կօգտագործի իր ժամանակավոր ներկայությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ տարածաշրջանային հիմնախնդիրների, այդ թվում ղարաբաղյան հակամարտության լուծման վրա ազդելու համար։
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավուդօղլուն ադրբեջանական Trend News գործակալությանը հայտնել է, թե Անկարան մտադիր է արդեն իսկ հունիսին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը։ «Այս ամիս Անվտանգության խորհրդի օրակարգում շատ հարցեր են քննարկվելու, իսկ Թուրքիան կողմնակից է միջազգային հետաքրքրություն ներկայացնող եւ հրատապ բոլոր տեսակի հարցերի քննարկմանը, այդ թվում՝ ղարաբաղյան հարցի», հայտարարել է Դավուդօղլուն։ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը կարծում է, որ տարածաշրջանում իրավիճակի կարգավորման համար կարեւոր է առաջընթացը ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։ Նա նշել է, որ Թուրքիան ցանկանում է, որ Հայաստաի ու Ադրբեջանի բանակցությունները արդյունավետ լինեն, եւ այդ ուղղղությամբ քայլեր է ձեռնարկում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ «Վաշինգտոն այցի ընթացքում ես այս հարցը քննարկել եմ նաեւ ԱՄՆ ղեկավարության հետ, եւ մենք այն եզրակացությանն ենք հանգել, որ հակամարտությոան լուծմանը լիարժեք աջակցելը մեր համատեղ խնդիրն է»։
Դավուդօղլուի խոսքերով, Թուրքիան վճռական է Հայաստանի հետ բանակցություններում եւ գտնում է, որ Հայաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան, ինչու չէ՝ նաեւ Ռուսաստանն ու Վրաստանը ունեն ընդհանուր ապագա։ Մենք բոլորս մի տարածաշրջանում ենք բնակվում եւ միշտ էլ բնակվելու ենք։ Ուստի բոլորս պետք է կառուցողական լինենք եւ հնարավորինս խուսափենք մեր բանակցությունները խոչընդոտող քայլերից ու գործընթացներից, հավելել է նա։
Միաժամանակ Թուրքիայի ԱԳ նախարարը կարծում է , որ իր երկրի եւ Հայաստանի հարաբերությունները չեն սահմանափակվում Հարավային Կովկասով, ու իրենց ներգործությունն են ունենում Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների վրա։ «Դա սխալ է։ Հայաստանի հետ մեր հարաբերությունները չպետք է ազդեն թուրք-ամերիկյան կապերի վրա», ընդգծել է Դավուդօղլուն։
Նշենք, որ Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից չէ եւ բանակցություններում միջնորդի դեր ստանձնել չի կարող։ Իսկ պաշտոնական Երեւանը դեմ է հայ-թուրքական հարաբերությունները ղարաբաղյան խնդրի լուծմանը ամեն գնով կապելու Թուրքիայի ջանքերին։



























