Երեւանի ավագանու ԲՀԿ-ական մանդատների վայր դնել չդնելու հարցը թեեւ ԲՀԿ-ում ավելի ու ավելի է թեժանում է, սակայն ՀՀԿ-ն փորձում է ամեն կերպ կոծկել այդ հարաբերությունների մասին տարատեսակ լուրերը: NEWS.am-ն արդեն գրել է Երեւանի ավագանու նոյեմբերի 18-ին կայացած նիստում տեղի ունեցած երկու ԲՀԿ-ՀՀԿ լեզվակռվի մասին:
Այսօր էլ Ավագանու Հանրապետական ներկայացուցիչ Դերենիկ Դումանյանն էր ասուլիս հրավիրել երկու կուսակցությունների լարված հարաբերությունների վերաբերյալ լուրերը հերքելու, ինչպես նաեւ պարզաբանումներ տալու օրակարգի այն վիճելի հարցերի վերաբերյալ, որոնց առիթով դրսեւորվում են հակասությունները: Ինչ վերաբերվում է ԲՀԿ-ի մանդատները վայր դնելուն. «Ես նման հակասություններ չեմ տեսել, որեւէ մեկդ մինչեւ այսօր չի հարցրել, թե ՀԱԿ-ը ինչու չի վերցրել իր մանդատները, յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է իր տեղը, դերը եւ նշանակությունը որոշում աշխատանքների մեջ: Ես չեմ կարծում, որ „Բարգավաճ Հայաստան“ կուսակցությունը ունի այնքան հիմնավոր պատճառներ, որ կարող է մանդատները վայր դնել: Քաղաքապետը նման առիթ չի տվել, ես այդքան եմ տեղեկացված»,- Բեգլարյանին պաշտպանեց Դումանյանը: Վերջինս ավելացրեց, որ այդ մանդատները ստացել են Երեւանի բնակչից եւ պարտավոր են նրա համար աշխատել, վայր դնելը քմահաճույքով չէ:




























