Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, որը հավակնուէ նախագահական պաշտոնին, իր ծրագրային հերթական հոդվածում կոչ է արել միգրանտների հանդուգն կեցվածքի նկատմամբ կիրառել օրինական, բայց խիստ պատասխան:
«Ռուսաստան. Ազգային հարցը» («Россия. Национальный вопрос») խորագրով հոդվածը տպագրվել է «Նեզավիսիմայա գազետա» թերթում:
Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր տարածաշրջան են ժամանում մշակութային, պատմական այլ ավանդույթներով, պետք է հարգանքով վերաբերվեն տեղի սովորույթներին, ռուսական եւ Ռուսաստանի այլ ժողովուրդների ավանդույթներին:
«Մնացած այլ` ոչ համարժեք, ագրեսիվ, հանդուգն, անհարգալից պահվածքը պետք է բախվի օրինական, բայց խիստ պատասխանի, եւ առաջին հերթին` իշխանական ուժերի կողմից, որոնք այսօր հաճախ անգործության են մատնվում», - գրում է վարչապետը: Դրա համար նա կոչ է արել ստուգել, թե արդյոք մարդկանց նման պահվածքը վերահսկելու բոլոր անհրաժեշտ նորմերն առկա են Վարչական եւ Քրեական օրենսգրքերում, ներքին գործերի մարմինների կանոնադրություններում:
Իր հոդվածում վարչապետը նաեւ նշել է դատական համակարգի ամրացումը եւ իրավապահ արդյունավետ մարմինների ստեղծման անհրաժեշտությունը, որպեսզի «դժգոհությունների եւ միգրանտներին հյուրընկալող հասարակության արմատականացման» տեղիք չտրվի, ինչպես նաեւ «ինքնագլուխ հաշվեհարդարները» արմատախիլ արվեն:
Ռուսական կառավարության ղեկավարը նաեւ կողմ է արտահայտվել այն բանին, որ Ռուսաստանում աշխատել ցանկացող միգրանտները ռուսաց լեզվից, գրականությունից եւ երկրի պատմությունից քննություն հանձնեն:
Պուտինն իր հոդվածում զգուշացրել է, որ Ռուսաստանն այսօր փորձում են խորտակել այն նույն «բաղադրատոմսերով», որոնցով քանդել են ԽՍՀՄ-ը: Նա հայտնել է, որ յուրօրինակ ռուսական քաղաքակրթությունն ամրապնդողը ռուս ազգն ու ռուսական մշակույթն են:
«Հենց այդ հիմքն էլ մեր թշնամիներն ամեն գնով կփորձեն արմատախիլ անել Ռուսաստանում` ռուսական ինքնորոշման իրավունքի մասին կեղծ խոսքեր ասելով: Որպեսզի վերջնականապես ստիպեն մարդկանց իրենց իսկ ձեռքերով ոչնչացնել սեփական Հայրենիքը»,- ասվում է հոդվածում:
Ռուսաստանի նախագահի գլխավոր թեկնածուն համոզված է, որ ռուսական «ազգային», բազմազգ պետություն ստեղծելու գաղափարների քարոզման փորձերը հակասում են երկրի հազարամյա պատմությանը: «Ավելին, դա ռուս ազգի եւ ռուսական պետականության վերացման ամենակարճ ճանապարհն է: Ինչպես նաեւ, մեր երկրում յուրաքանչյուր ինքնիշխան, կենսունակ պետականության», - նշել է Պուտինը:
Հիշեցնենք, որ վարչապետի առաջին հոդվածը նախընտրական ծրագրի շրջանակներում «Իզվեստիա» թերթում հրապարակվել էր հունվարի 16-ին եւ հետեւյալ վերնագիրն ուներ` «Ռուսաստանը կենտրոնանում է. մարտահրավերներ, որոնց մենք պետք է պատասխանենք»: Այդ հոդվածում Պուտինը մանրամասնել է, թե ինչու է որոշել նորից դառնալ նախագահ:




























