Հունվարի 23-ից 27-ը կանցկացվի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: Հունվարյան նստաշրջանի շրջանակներում քննարկվող նախագծերն այս կամ այն չափով վերաբերելու են մարդու իրավունքներին: Եվրոպայի խորհրդի հանձնաժողովի ղեկավարությունն անցնում է Մեծ Բրիտանիային, ուստի նախատեսված են այդ երկրի վարչապետի եւ ԱԳ նախարարի ելույթները:
Հունվարյան նստաշրջանի ընթացքում տեղի կունենան նաեւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի ընտրությունները: Ենթադրվում է, որ ԵԽԽՎ-ի նախագահի պաշտոնում Չավուշօղլիին կփոխարինի ֆրանսիացի Ժան Կլոդ Մինիոնը: Մինիոնի թեկնածությունն առաջադրվել է ԵԽԽՎ-ում ներկայացված Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական խմբի կողմից: Մինիոնը ԵԽԽՎ-ի հանձնաժողովների անդամ է քաղաքական հարցերի եւ մոնիտորինգի գծով, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ի փոխնախագահ եւ անդամ: Ըստ ընթացակարգի` նիստի ժամանակ կընտրվեն ինչպես նախագահը, այնպես էլ` նրա փոխնախագահները:
Ավարտվում է նաեւ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի պաշտոնավարման ժամկետը, եւ ԵԽԽՎ-ի նիստի ընթացքում կընտրվի նաեւ նոր հանձնակատար:
Նշենք, որ ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանին Հայաստանը կներկայացնեն պատվիրակության նախագահ Դավիթ Հարությունյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Հերմինե Նաղդալյանը եւ Զարուհի Փոստանջյանը:




























