Սիրիայի ղեկավարությունը մերժել է իշխանությունը փոխանցելու ծրագիրը, որն առաջարկել էր Արաբական պետությունների լիգան: Սիրիայում առաջարկված միջոցառումները համարել են «Ազգային ինքնորոշման խախտում եւ միջամտություն երկրի ներքին գործերին»:
Իշխանությունների ներկայացուցիչները հայտնել են, որ երկրում իրավիճակի կարգավորման համար երկրի իշխանությունները պարզապես պետք է խստացնեն ահաբեկչության դեմ պայքարի միջոցները: Այդ մասին Agence France-Presse-ին հղում անելով գրում է Lenta.ru-ն:
ԱՊԼ-ի հունվարի 22-ին առաջարկած ծրագրի համաձայն` նախագահ Բաշար Ասադը պետք է վայր դներ լիազորությունները եւ երկրի կառավարումը հանձներ իր տեղակալ, վարչապետ Ֆարուք ալ Շարահին: Նաեւ առաջարկվում էր ազգային միասնության նոր կառավարություն ձեւավորել եւ կես տարվա ընթացքում երկրում ժողովրդավարական ընտրություններ անցկացնել:
ԱՊԼ-ն նաեւ որոշում է ներկայացրել Սիրիայում դիտորդների առաքելության ժամկետը երկարացնելու մասին, որը լրացել է հունվարի 20-ին:
Ավելի վաղ` հունվարի 21-ին, սիրիական ապստամբները գրավել էին Դամասկոսի մերձակա քաղաքներից մեկը` Դուման:
Բաշար Ասադի վարչակարգի եւ սիրիական ընդդիմության հակամարտությունն սկսվել է 2011թ. մարտին: 2011 թվականի աշնանը ԱՊԼ-ն մշակել էր Սիրիայի կայունացման առաջին նախագիծը, ըստ որի, մասնավորապես, Ասադը պետք է զորքերը դուրս բերեր բնակավայրերից: Նախագիծն ընդունվել էր Սիրիայի կառավարության կողմից նոյեմբերին: Դեկտեմբերին Սիրիա էին ուղարկվել ԱՊԼ-ի դիտորդներ, որոնք հայտարարել էին, որ իշխանությունների կողմից չեն կատարվում կայունացմանն ուղղված պահանջները:




























