Ռուսաստանի նախագահի պաշտոնում ինքնառաջադրված, Իրկուտսկի նահանգապետ Դմիտրի Մեզենցեւին զրկել են ընտրություններին մասնակցելու հնարավորությունից` հավաքած ստորագրությունների անբավարար թվի պատճառով: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԿԸՀ քարտուղար Նիկոլայ Կոնկինը:

Նրա խոսքով, մյուս ինքնառաջադրվածի` «Յաբլոկոյի» առաջնորդ Գրիգորի Յավլինսկիի թերթիկները դեռ պետք է ստուգման ենթարկվեն:

Կոնկինն ասել է, որ գործարար Միխայիլ Պրոխորովը կարող է գրանցվել ՌԴ նախագահի թեկնածու ԿԸՀ նիստում` հավանաբար հունվարի 25-26-ին, քանի որ նրա օգտին ներկայացված ստորագրություններում «անվավեր ստորագրությունների թիվը կազմել է 4,38 տոկոս»: Այլ խոսքով, դա չի գերազանցում օրենքով թույլատրելի 5 տոկոսը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Պրոխորովը կարող է դառնալ առաջին ինքնառաջադրվածը, ով կմասնակցի նախագահական ընտրարշավին:

Ըստ ռուսական օրենսդրության, ինքնառաջադրվողները պետք է հավաքեն ոչ պակաս, քան 2 մլն ստորագրություն: Յավլինսկիի թերթիկներում անվավեր եւ կեղծ ստորագրությունների թիվը կազմել է 23,07 տոկոս: Յավլինսկիին կզրկեն մասնակցելու հնարավորությունից` ԿԸՀ որոշմամբ:

Ռուսաստանի նախագահի ընտրությունները կայանալու են մարտի 4-ին: