Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ)  Լիբիայի իշխանություններից պահանջում է տեղեկություններ տրամադրել Ջամահիրիայի սպանված առաջնորդ Մուամար Քադաֆիի ավագ որդու` Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆիի առողջական վիճակի եւ իրավական կացության վերաբերյալ: ՄՔԴ-ն Անցումային ազգային խորհրդի առաջ տեղեկատվության տրամադրման վերջնաժամկետ է դրել, որն ավարտվում է հունվարի 23-ի երեկոյան:

Սեյֆ Ալ-Իսլամի վիճակի հետ կապված ՄՔԴ-ի առաջարկած նախկին ժամկետը լրացել է հունվարի 10-ին: Եթե լիբիական կառավարությունը հրաժարվի համագործակցել ՄՔԴ-ի հետ, դատարանը կարող է բողոքել ԱԱԽ-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, հաղորդում է BBC-ն:

ՄՔԴ-ը լիբիական իշխանություններից  Սեյֆ ալ  Իսլամ Քադաֆիի մոտ մուտքի թույլտվություն է խնդրել` նրա հոգեկան եւ ֆիզիկական առողջությանը ծանոթանալու  համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ 2011 թվականի նոյեմբերի 19-ին գերված Սեյֆ ալ  Իսլամ Քադաֆիի մատների հատվածում կյանքի  համար վտանգավոր փտախտ էր սկսվել, եւ նրան շտապ վիրահատություն է անհրաժեշտ:

ՄՔԴ-ը հունիսին Սեյֆի ձերբակալման հրաման էր տվել` նրան մեղադրելով մարդկության դեմ կատարած հանցագործությունների մեջ: Այժմ դատարանը Հաագայում փորձում է հասնել Սեյֆի նկատմամբ հանրային գործընթացի: Սակայն Լիբիայի ժամանակավոր կառավարությունը հասկացրել է, որ մտադիր է Քադաֆիի որդուն դատել հայրենիքում: Քադաֆիի որդու կատարած հանցագործությունների ծանրությունն այնքան մեծ է, որ նրան կարող են մահապատժի դատապարտել: